Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է նաև ջավախահայերին (լուսանկարներ)

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շրջանցում է նաև ջավախահայերին (լուսանկարներ)

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության մասին ամենատարբեր խոսակցություններ են պտտվում: Times.am-ի թղթակիցը, շնորհիվ Go group media-ի նախաձեռնությանը, հնարավորություն ունեցավ Ջավախքի Կարծախ գյուղի մոտակայքում անձամբ հետևել երկաթուղու շինարարարական գործընթացին: Երկաթուղու տարածքը վերահսկվում է վրացի սահմանապահների կողմից և  միայն հատուկ անցագրի միջոցով է հնարավոր  այցելել

Վրաստանի Ախալքալաք կայարանից 98 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը կձգվի մինչև Կարսի երկաթուղային կայարան: Դրա 68 կիլոմետրը բաժին Է ընկնում Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքին: Նաև որոշակի վերակառուցման պետք Է ենթարկվի երկաթուղու Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Դեռևս 2015թ-ի հունվարին վրացական լրատվամիջոցները տեղեկատավություն հայտնեցին, որ Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը մասնակցել են Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսին և դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը: Շնորհանդեսը կայացել Էր Ջավախքում՝ Կարծախում, դրան նաև մասնակցել են «Մարաբդա – Կարծախ երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչութաձեն և այլ պաշտոնատարներ: Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռներ:

Մեր տեսած պատկերն այլ էր: Այո՛, այս հատվածում շինարարություն կատարվել է և աշխատանքները շարունակվում են, սակայն մոտ ապագայում ավարտվելու հավանականությունը մեծ չէ: Բացի այդ որոշ լրատվամիջոցներ մայիսին լուրեր էին տարածում, որ ավարտին է հասցվել Վրաստան-Թուրքիայի թունելի շինարարական աշխատանքները, սակայն այն ևս անավարտ էր:

Երկաթուղու շինարարությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, երկարաձգվում է և նախատեսված գումարից մի քանի անգամ ավել ծախսվում: Այսպես դեռևս 2007-ին սկսված երկաթգծի շինարարությունը պետք է ավարտին հասցվեր 2010 թվականի վերջին: Սակայն, 2010թ-ի հունիսին նախագծին մասնակից երկրները ստիպված եղան ընդունել, որ սահմանված ժամկետներում չեն տեղավորվում, և խոստացան, 2011թ-ի սկզբին ավարտել: Ավելին՝ 2010-ի օգոստոսին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները Բաքվում արձանագրություն են ստորագրել՝ երկաթուղային նախագծի իրականացման աշխատանքների արագացման մասին: Ըստ այդմ, նախատեսվում էր երկաթուղու կառուցման շուրջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև 2011 թվականի վերջը: Այնուհետև խոստացվեց, որ 2013-ի հունվարին գնացքը կշարժվի: Արդեն 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը ստիպված էր ընդունել, որ երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվում է, և որ առաջին գնացքը կշարժվի 2013 թվականի վերջին: Արդեն 2013 թվականի վերջին նոր ժամկետ նշվեց՝ 2014 թվականի սկիզբը, ապա կեսերը, իսկ հետո էլ՝ տարվա վերջը:

2009թ-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ Թուրքիան կարծես սառեցրել էր գործընթացը, քանի որ սահմանի բացման պարագայում կգործարկվեր Գյումրի-Կարս երկաթուղին, որով էլ հետագայում Թուրքիան հնարավորություն կունենար կապվելու Թբիլիսիի և Բաքվի հետ, սակայն հաշտեցման գործընթացի տապալումից հետո նախագիծը կրկին ձեռք բերեց իր ակտուալությունը:

Ներկա պահին շինհրապարակում հիմնականում բեռնատար մեքենաներ էին աշխատում և չհաջողվեց խոսել երկաթգծի շինարարների հետ: Փոխարենը հնարավորություն եղավ զրուցել Կարծախ գյուղի բնակչության հետ, որոնցից մի քանիսը ժամանակին աշխատել էին այդ երկաթուղու վրա: Վերջիններս փաստեցին, որ ժամանակին վրացական կառավարությունը հավաստացնում էր, որ երկաթուղու և ՀԷԿ-ի շինարարությունը կնպաստեն Ջավախքի տնտեսական աշխուժացմանը, սակայն տեղի բնակչությունը մեկուսացած է այդ գործընթացներից: Սովորաբար թուրքական կամ ադրբեջանական ընկերությունները, որոնք իրականացնում են շինարարությունը և նկատելի արագությամբ փոխվում, իրենց հետ բերում են աշխատակիցներին: Կարծախ գյուղից ոմանք, ովքեր չցանկացան ներկայանալ, նշեցին, որ ժամանակին աշխատել են շինարարության վրա, սակայն շինարարական ընկերության փոփոխությունից հետո այլևս չեն աշխատում: Խնդիրներ առաջացել են նաև աշխատավարձերի վճարման հետ կապված, սակայն նրանք հավաստիացրեցին, որ մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել շինարարական ողջ անձնակազմը, և դա ամենևին էլ կապված չէ ազգային պատկանելության հետ:

Զրուցեցինք նաև այն գյուղացիների հետ, որոնք ժամանակին ապրել էին երկաթուղու տարածքում և նրանց փոխհատուցում էին տվել` իրենց տներից հրաժարվելու համար: Նման ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարծախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով նշեց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Երկաթուղի նախագծի նախնական ծախսը 422 միլիոն դոլար էր, որից 202 միլիոն դոլարը պետք է ուղղվեր վրացական հատվածի շինարարությանը, իսկ 220 միլոնը` թուրքականին: Սակայն Ադրբեջանի ազգային նավթային ֆոնդն արդեն իսկ Վրաստանին հատկացրել է 775 միլոն դոլար արժողությամբ երկու վարկ, և դեռ հայտնի չէ այդքանը բավարար է շինարարությունն ավարտին հասցնելու համար: Վաղ թե ուշ, շատ թե քիչ ծախսված գումարով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կյանքի կկոչվի, սակայն այդ նախագիծը կլինի ոչ միայն Հայաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք, այլ նաև Ջավախքի հայությանը տարածաշրջանային գործընթացներից դուրս մղող նախագիծ: Ով վճարում է նախագծի գումարը, նա էլ թելադրում է պայմանները, իսկ պայմանները դժվար թե հայության շահերից բխեն:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում