Փոքրիկ Մարին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
Նմանատիպ
Ութամյա Մարի Մովսիսյանը ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երեկ Թբիլիսիից տեղափոխվել է Երևան։ Ուշ երեկոյան աղջնակն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էր։
ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ռեանիմոբիլում նրան ուղեկցող ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Քոբուլեթիի, ապա Թբիլիսիի հիվանդանոցներ։ Երկու անգամ վիրահատվելուց և բուժում ստանալուց հետո ընդհանուր վիճակի որոշակի բարելավումը հնարավորություն է տվել մասնագիտացված մանկական վերակենդանացման ծառայության միջոցով աղջկան տեղափոխել Երևան։ Նա նշեց, որ թեև երեխայի կենսական ֆունկցիաները’ շնչառություն, սրտի աշխատանք, հեմոդինամիկա, կայուն են, սակայն վիճակը մնում է ծանր, դեռևս գտնվում է կոմայի մեջ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային զննել են վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, նյարդավիրաբույժ Մարգար Մարտիրոսյանը, այլ մասնագետներ։ Կատարվել է նաև համակարգչային տոմոգրաֆիա։ Այլ հետազոտությունների արդյունքներով կպարզաբանվի հետագա բուժման տակտիկան։ Մինչ այդ երեխան կստանա ուղեղի աշխատանքը խթանող և վերականգնողական, ինչպես նաև հակաբորբոքային բուժում, քանի որ օրեր առաջ մենինգիտ է տարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում