Մոտ երեք տարուց Արցախը մեծ քանակությամբ ձուկ ու սև խավիար կարտահանի
Նմանատիպ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերին ընդունվում է գարու բերքը: Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին:Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ կառավարության ղեկավարը մեկնել է շրջանի դաշտեր և, տեղում ծանոթանալով աշխատանքներին, գոհունակություն հայտնել հնձի և հրդեհականխման միջոցառումների առթիվ:
Վարչապետ Հարությունյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, եղել է նաև սահմանամերձ Մատաղիսի և Թալիշի դաշտերում, որտեղ, բացի աշնանացան մշակաբույսերի բերքահավաքից, գարնանացան կուլտուրաների մշակման ակտիվ աշխատանքներ են կատարվում: Ա. Հարությունյանը ծանոթացել է կոոպերատիվ հիմունքներով իրականացվող աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է «Golden-fish –k» ընկերության կողմից Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց ձկնաբուծարանի տարածքում, ընկերության ներկայացուցիչները նրան ծանոթացրել են կատարված աշխատանքներին: Պատասխանատուների խոսքով՝ ձեռնարկությունը շուրջ 3 տարուց սկսելու է արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում