Լիճ, ծով, օվկիանոս. օվկիանոսը Կարոտն էր. Այսօր Կարոտ Մկրտչյանի հիշատակի օրն է

Լիճ, ծով, օվկիանոս. օվկիանոսը Կարոտն էր. Այսօր Կարոտ Մկրտչյանի հիշատակի օրն է

«Տարբերություն չկա, թող մեր ընկերներն ազատագրեն Շուշին, իսկ մենք` Գետաշենն ու Մարտունաշենը: Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա…»

Կորցրեցինք Գետաշենը, Մարտունաշենը, ու Կարոտը Մկրտչյանը` Ջամբազի արծիվը, տուն չեկավ` կարոտի խոր ցավ թողելով հարազատների, մարտական ընկերների, շահումյանցիների և էլի շատերի սրտում։

Սիրիայում ծնված, բայց Պռոշյանում մեծացած ու ապրած Կարոտը պռոշյանցի ընկերների` Պետոյի, Դանիելի, Հրաչի, Մուշեղի , Պավլիկի և Գագիկի հետ զինվորագրվեց Արցախյան գոյամարտին, իսկ 1991-ի մայիսի 3-ին մեկնեցին Հյուսիսային Արցախ` Շահումյանի շրջան: 1992թ. հունիսի 13-ին` Շահումյանի շրջանում («Օղակ» գործողություն) Կարոտը մղեց իր վերջին հերոսական մարտը. ժամը 16. 40-ի սահմաններում, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո թշնամու հետևակը գրոհում է մեր մարտիկների պաշտպանական դիրքերը: Ընդ որում` Ղարաչինար, Հայ Բարիս, Էրքեջ-Մանաշիդ-Բուզլուխ ուղղություններով` միաժամանակ:

Բուզլուխի ուղղությամբ թշնամին առաջին հարվածը հասցնում է ալավերդցի ազատամարտիկների պաշտպանած 25-րդ հենակետին, ապա՝ 29-րդ հենակետում տեղաբաշխված Սարո Փամբուխչյանի գլխավորած նաիրցի մարտիկների դիրքերին: Հարձակման առավելագույն արագությունն ու հզորությունն ապահովելու նպատակով ինքնապաշտպանական խմբերի հենակետերին հարվածում են նաև «ՍՈՒ- 25» և «ՄԻԳ- 25» ռազմական գերձայնային ինքնաթիռները: Հակառակորդն այս կերպ փորձում էր հոգեբանական լուրջ ճնշում գործադրել մեր տղերքի վրա: Սխալվում էր` նրանք ճնշվողը չէին. Կարոտը Պետոյին հանձնարարում է իրենց ջոկատի ուժերով փակել այդ տարածքը, իսկ ինքը մեկնում է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի կենտրոն` կազմակերպելու հենակետերին ցույց տրվող անհրաժեշտ օգնությունը: Ըստ Պետոյի վկայության, կար մի երկրորդ խումբ, որը մեքենա չուներ: Կարոտը մեքենայով գնում է, որ նաև այդ խմբին բերի:

Մարտադաշտում գործողությունները ծավալվում են աննախադեպ արագությամբ: Հզոր հարվածներ ուղղելով ինքնապաշտպանական ուժերի դիրքերին, հակառակորդը փորձում է օգտագործել նաև բաց տարածությունները՝ հասնելու  մերոնց ու ներխուժելու գյուղ:

Կարոտը, բնականաբար, չէր կարող հաշտվել դիրքերը թշնամուն հանձնելու մտքի հետ և դիմում է խելահեղ քայլի` ակնհայտ մահապարտության. բարձրանում է իրենց նախկին դիրքերը: Երկրորդ անգամ հենակետ բարձրանալիս՝  նրա հետ է եղել բուժականցի Ֆելոն (Երիցյան Սմբատ), որի պատմածով, իրենց միջև ընկած տարածությունը գնալով ավելանում էր, իսկ բարձրանալու պահին իրենց արանքում հրանոթի արկ է պայթում, որի հարվածի ալիքը մի կողմ է գլորում իրեն. «Երբ ես ուշքի եկա, տեսա վերևում նստած Կարոտին: Նա սևեռուն հայացքով նայում էր հենակետերի ուղղությամբ: Հանկարծ նա ոտքի ելավ, արագորեն առաջ շարժվեց ու առանց մի պահ վարանելու մտավ մեր թողած խրամատը, որտեղ մեր ընկերներն էին մնացել: Վայրկյաններ անց այնտեղից դուրս եկավ ու դեպի թշնամին: Կարոտի ձեռքում եղել է ԱԿՄ ինքնաձիգը: Սկսվում է անհավանական մենամարտ. 15 րոպե  հետո քար լռություն…»: 

Կարոտի անհետ կորելու օրվանից անցել է 23 տարի,  բայց հարազատները, (բայց ոչ կինը, երեխաները, որովհետև ամուսնացած չէր) սպասում են` մի օր Կարոտն անպայման գալու ու բացելու է տան դուռը, դրա համար էլ դռան առաջ միշտ «քար» կա, երբ տանը չեն…

Մի անգամ, երբ այս օրերին Ապարանցի Պավլիկի հետ Կարոտի տեսակի շուրջ  զրույց բացեցի, ասեց՝ Կարոտի մասին պետք է մտածել, խորհել, հետո խոսել, բայց չմերժելով առաջարկս ասաց. «Կարոտը, Կարոտը…նրա մասին մի կողմից կարող ես անվերջ խոսել, մյուս կողմից` տալ անունը` Կարոտ և արդեն ամեն ինչ ասված կլինի: Աստվածատուր էր, մի կողմ թողնենք դեռ նրա ռազմական հանճարը: Կանգնե՞լ էր պետք` առաջինն էր կանգնում, էսօր կանգնողները քիչ են, որովհետև «կարոտներն» են քիչ: Աստվածատուր տղա էր, հրամանատար լինելով հասարակ զինվոր: Ասում էր, թե իրեն թշնամու գնդակ չի դիպչի, է~, սա հեռախոսով խոսալու բան չի…Կարոտը, Կարոտը…»:

Չբավարարվելով այսքանով, միևնույն ժամանակ ընկալելով, որ այս «ժլատության» մեջ շատ ասելիք կա` հակադարձեցի.«Պռոշանցի եռամիասնություն` Կարոտ, Պետո, Հրաչ, նման լինելով, ինչո՞վ էին տարբեր, ինչո՞վ նման»: Ինչինմեկ րոպե լռությունից հետո Ապարանցի Պավլիկն արձագանքեց. «Էդ եռանկյունու գագաթը Կարոտն էր, այլ ձևով ասած` լիճ, ծով, օվկիանոս. օվկիանոսը Կարոտն էր` համ իր հանդարտությամբ, համ իր փոթորկունությամբ: Զարմանալի բան` մեկ րոպեում կարող էր ուժեղ զայրույթը փոխակերպել: Իր համար ասենք`Հրաչը, Պետոն կվիճեին, իսկ ինքը հանդարտ կհետևեր: Հա, ինքն օվկիանոսն էր….»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում