Գյուլի խորհրդականի գիրքը ներկայացնում է Թուրքիայի նախկին նախագահի ՀՀ կատարած այցի մանրամասները

Գյուլի խորհրդականի գիրքը ներկայացնում է Թուրքիայի նախկին նախագահի ՀՀ կատարած այցի մանրամասները

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Սևերը լույս կընծայի իր ղեկավարի հետ անցկացրած 12 տարիներին նվիրված գիրք, որում կան անդրադարձներ նաև այդ տարիներին Հայաստանի հետ Գյուլի ունեցած հարաբերությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր»-ը, Սևերի գիրքը, որը լույս կտեսնի հունիսի 15-ին, վերնագրված է հետևյալ կերպ. «Աբդուլլահ Գյուլի հետ 12 տարի. ապրեցի, տեսա, գրեցի»:

Երկու հարյուր ութ էջանոց գրքում Գյուլի խորհրդականը բացահայտել է նախկինում չլուսաբանված շատ դեպքեր, ինչպես, օրինակ, Գյուլ-Էրդողան ներքին հակասությունները, մանրամասներ Գեզիի դեպքերի, 2013թ. դեկտեմբերի 17-25-ը երկիրը ցնցած «Մեծ կաշառք» գործի վերաբերյալ, պատմել է Թուրքիայի նախկին նախագահի զղջումների և «երանիների» մասին: Ուշագրավ է, որ գրքում տեղ են գտել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև «ֆուտբոլային դիվանագիտության» իրադարձությունները: Մասնավորապես, Սևերը ներկայացրել է, թե ինչպես է Գյուլը որոշում ընդունել գալ Հայաստան, և թե ովքեր են եղել այդ որոշման դեմ: Բացի այդ, գրքում կան հատվածներ սիրիահայերին Թուրքիա տանելու նպատակով պատրաստված գաղտնի ծրագրի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում