Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդին
Նմանատիպ
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին’ ի դեմս եզդիների հոգևոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին’ սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին’ նշելով նաև, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին:
Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարևորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը’ գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում