Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եպիսկոպոսական ձեռնադրության 18-ամյակն է

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եպիսկոպոսական ձեռնադրության 18-ամյակն է

«ՀԱՍԱԿՈՎ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐ, ՀԱՎԱՏՔՈՎ ԼԵՑՈՒՆ»
Գարեգին Ա

Այս խոսքերը հնչել են Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Սուրբ Խորանից, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն Արագածոտնի հավատավոր ժողովրդին էր ներկայացնում նորանշանակ թեմակալ առաջնորդին: Ես այն երջանիկներից եմ, ով իր կյանքում մասնակից է եղել թեմի հոգևոր վերազարթոնքին: Երիտասարդությանս տարիներին ես հայտնվեցի մի զարմանահրաշ աշխարհում, ուր սեր ու բարություն էր քարոզվում: Արագածոտնի թեմ, հոգևոր միջավայր… Ես ուխտեցի լինել և մնալ եկեղեցում՝ Աստծուն ավելի մերձենալու փափագով:

Ծխական խորհրդի անդամներով առաջին անգամ «Վերնատանը» (այդպես էինք անվանում մեր փոքրիկ սենյակը) հանդիպեցինք Հայր Նավասարդի հետ: Հուզված էինք: Ներս մտնելուն պես՝ անսահման անմիջականությամբ սեղմեց մեր ձեռքերը, հետաքրքրվեց յուրաքանչյուրիս գործունեությամբ: Երկար զրուցեցինք մեր առաքելության շուրջ… Երեկոյան մեկնեց Օշական՝ մեր հոգիներում թողնելով զարմանք ու հիացում: Ժամանակ անց ծնվեց «Շողակն» ամսօրյան ստեղծելու գաղափարը: Ստանալով Հայր Նավասարդի օրհնությունը՝ երջանկահիշատակ Էդվարդ սարկավագի հետ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Առաջին համարը պատմական մի իրադարձության խոսափողը եղավ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ անկախ Հայաստանի առաջին եպիսկոպոսական ձեռնադրությունը: Ես բախտ ունեցա ներկա գտնվելու և լուսաբանելու: 

Այսօր լրանում է Սրբազան Հոր եպիսկոպոսական ձեռնադրության 18-ամյակը: Երջանիկ նախախնամությամբ շուրջ տասնհինգ տարի ես աշխատում եմ Արարատյան Հայրապետական թեմում: Շնորհակալ եմ Նավասարդ Սրբազանին այն ձեռքբերումների համար, որ ունեմ այսօր: Նրա հայրախնամ հոգածության շնորհիվ է, որ ես կարողանում եմ իմ ուխտը հաստատ պահել և վայելել Տիրոջ ամենօրյա մերձավորությունն ու օրհնությունները:

Հ. Գ. Qahana.am-ի մեր սիրելի րնթերցողին ենք ներկայացնում այդ պատմական օրվան նվիրված ակնարկը:

Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ՈՐ ՎԵՐԱՐԾԱՐԾԵՍ ՇՆՈՐՀԸ, ՈՐ ՏՎԻ ՔԵԶ ԻՄ ՁԵՌՔԵՐԸ ԴՆԵԼՈՎ ՔՈ ՎՐԱ…» Բ Տիմոթեոս Ա 6

«…իր իշխանության տակ եղած բոլոր գավառներում բազմացրեց, կարգեց տեսուչ-եպիսկոպոսներ, նրա կողմից (Լուսավորչի-հեղ.) ձեռնադրվեցին ավելի քան չորս հարյուր եպիսկոպոս, որոնք տարբեր տեղերի տեսուչ նշանակվեցին: Իսկ երեցների, սարկավագների կամ գրակարդացների կարգը, և որոնք Տիրոջ համար ուրիշ սպասավորության կարգվեցին, անթիվ էին իրենց բազմությամբ» (Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»):
Եվ այսօր, հազար յոթ հարյուր տարի անց, անաստվածությունն իր մեջ ներքաշած հայ ժողովուրդն Աստծո ողորմությամբ արժանի եղավ տեսնելու, ապրելու հոգևոր արթնությունն իր հայրենիքի և Մայր Եկեղեցու մեջ:

Սքանչելի նախախնամությամբ շատերը դարձան առ Աստված, իրենց գտան լուսավորված Քրիստոսի լույսով և ազատվելով սնոտիապաշտության, կռապաշտության վնասակար, բազմատեսակ ծալքերից՝ ճանաչեցին ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, և որպես տապան՝ ընդունեցին ու ներս մտան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, իրենց ապահովելու ամեն տեսակի տարուբերումներից և վտանգներից, որոնցից զգուշացված էին ի վերուստ: Եվ այդ ժողովուրդը, որ լավ գիտեր ճշմարիտ հավատքի ուժն ու ամենակարող զորությունը, այսօր հավաքվում էր այն սուրբ վայրում, որտեղ դարեր առաջ փառքով իջել էր Միածինը՝ նախասահմանելով հայ ժողովրդի փրկությունն ու հավատքի ճանապարհը:

Գալիս էին հյուրեր, իշխանավորներ, մարզպետներ, օտարերկրյա դեսպաններ, հոգևորականներ՝ տարբեր թեմերից և երկրներից, թեմական խորհրդի անդամներ, գալիս էին քրիստոնյաներ, որպեսզի իրենց ներկայությամբ և աղոթքներով զորավիգ լինեն Հայ Եկեղեցուն և այն վեց վարդապետներին, որոնց եպիսկոպոսական ձեռնադրությունն է այսօր:

Ժամը տասն է: Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո և թափորի ուղեկցությամբ Մայր Տաճար է իջնում Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հրաշափառ Աստուած եւ միշտ Բարեխնամող, որ յառաջ գիտութեամբ զփրկութիւն Հայաստանեայց ակզբնաւորեալ»: Այս աղոթքն էր թևածում եկեղեցու կամարների ներքո, երբ ձախակողմյան ավանդատնից դուրս եկան Հայոց վեց ընտրյալ զավակները և ծնկած մոտեցան Վեհափառ Հորը: Սա ազատ և անկախ Հայաստանի նորահռչակ թեմերի համար կատարվող առաջին եպիսկոպոսական ձեռնադրությունն էր:

«…Նրա կողմից ձեռնադրվեցին ավելի քան չորս հարյուր եպիսկոպոս»:

Մերը վեցն էին: Աղոթենք մեր Տիրոջը, որ արգասաբեր անի Հայոց Կաթողիկոսի ծառայությունը և նրա ձեռքով ձեռնադրված ունենանք ոչ միայն վեց, այլ վաթսուն, վեց հարյուր և ավելի նվիրյալ եպիսկոպոսներ:

Մեկ տարի առաջ անկախ Հայաստանում կազմավորվեցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նոր թեմերը: Նորաստեղծ թեմերին առաջնորդներ կարգվեցին երիտասարդ վարդապետներ, որոնք սիրով անսացին Տիրոջ խոստմանը, թե ով խոնարհեցնի իր անձը՝ պիտի բարձրանա:

«Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն»: Մատթեոս Ժ 1

Առաքյալների և եկեղեցու հայրերի ձեռամբ, սրբալույս մյուռոնի միջնորդությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ մեզ փոխանցված Տերունական հրամանն այսօր Ամենայն Հայոց վեհափառ Գարեգին Ա-ի շուրթերից հնչեց այսպես.

-Ազատության և անկախության լույսը իջավ Հայաստան: Սակայն ժողովուրդը կարիք ունի հոգևոր բարձրության, և մեր ներքին բարոյական կերպարն է, որ մեզ կբարձրացնե: Հրամեցե՛ք, ժողովուրդը ձեզ է սպասում: Գնացե՛ք, ձեր թեմերում նոր եկեղեցիներ հիմնեք, քահանաներ ձեռնադրեք…

«…Վասն որոյ յիշեցուցանեմ քեզ արծարծել զշնորհս Աստուծոյ որ են ի քեզ ի ձեռնադրութենէ իմմէ»: Բ Տիմ. Ա 6

Այո՛, Աստծո ողորմությամբ այսօր արթնություն է ապրում հայ ժողովուրդն ու Մայր Եկեղեցին: Եվ ամեն մի ճշմարիտ հավատք ունեցող քրիստոնյա լավ գիտի դրա արժեքն ու անհրաժեշտությունը և, հետևաբար, խիստ կարիք ունի այնպիսի հոգևոր առաջնորդների, որոնք անշահախնդրությամբ պիտի «վերարծարծեն Աստծո շնորհը», որպես բարի հովիվ՝ հավատարմորեն հովվեն վստահված հոտը և լինեն օրինակն իրենց իսկ հոտի:

Արագածոտնի թեմի հավատավոր ժողովուրդն ահա մեկ տարի է, ինչ իբրև օրինակ նվիրված ծառայության իր աչքի առաջ ունի իր թեմակալ առաջնորդին, ով արժանացավ եպիսկոպոսական գավազանի: Սա նրա մեկամյա գործունեության գնահատումն ու արժևորումն էր և, ինչ խոսք, նաև նոր նախաձեռնումների և իրագործումների սկիզբը:

Թեմակալ առաջնորդի մեկամյա գործունեությունը նշանավորվեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատան բացումով, լայնածավալ շինարարական-վերանորոգչական ձեռնարկներով, թեմի տարածքում նոր համայնքների ստեղծումով և ձևավորումով և մի շարք եկեղեցիների վերաբացմամբ: Այդ մեկ տարվա ընթացքում ուր էլ որ եղել է հայր Նավասարդը՝ իր եռանդով, նվիրումով ու Հայ եկեղեցու նկատմամբ ունեցած նախանձախնդրությամբ վարակել է ամենքին՝ թե՛ պարզ հավատավոր ժողովրդին, թե՛ ծառայության մեջ եղողներին և թե՛ աշխարհիկ իշխաններին:

Աղոթենք առ Աստված, որ մեր թեմակալ առաջնորդն իր նոր՝ եպիսկոպոսական բարձունքից հովվի իրեն վստահված Քրիստոսի հոտը Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ի շինություն թեմիս հոգևոր կյանքի, ի զորացումն Մայր Առաքելական Եկեղեցու և ի փառս Աստծո:Ամեն:

Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում