ԱԺ փոխնախագահը էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ է տեսնում

ԱԺ փոխնախագահը էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ է տեսնում

Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները ցույց տվեցին, որ 17 դրամով թանկացումը հիմնավոր չէ, և որ Հայաստանի քաղաքացին չի վճարելու ՀԷՑ-ի թույլ տված ճոխությունների համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Լսումների արդյունքում պարզ դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը չի պատրաստվում Բիբինի և նրա ղեկավարած կառույցի ճոխությունները ներառել սակագնի մեջ, ինչի արդյունքում նրանց հայտը՝ էլեկտրաէներգիան թանկացնել 17 դրամով մերժվել է և սահմանվել, որ թանկացումը կլինի 6.93 դրամով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:Խորհրդարանական լսումների արդյունքում՝ ԱԺ փոխնախագահը հստակ պատկերացում է կազմել, թե ինչի համար պետք է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա 6.93 դրամով: Նրա խոսքով՝ սակագնի բարձրացման երեք պատճառ կա՝ փոխարժեքի տատանում, սակավաջրություն և ատոմակայանի աշխատանքի ոչ պլանավորված կանգառ:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ ցանկացած իշխանություն առաջին հերթին ինքն է դեմ թանկացման. «Դրա համար էլ Կառավարությունը որոշել է ռեզերվային միջոցներ գտնել, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների համար փոխհատուցում լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում