«Հայկական ժամանակ». 2013 թվականի բյուջեի նախագծով մի քանի հարյուր միլիոն դրամի խնայողություններ են նախատեսվում

2013թ պետական բյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետևում թաքնված է չափազանց տխուր մի պատկեր: Նույնիսկ կառավարությունն է արձանագրել, որ Հայաստանում հաջորդ տարի նվազելու է ծնունդների և աշակերտների թիվը:
Կառավարության կանխատեսմամբ, աշակերտների ընդհանուր թիվը հաջորդ տարի լինելու է 365.6 հազար’ այս տարվա 372.4 հազարի փոխարեն: Ծնունդների թիվն այս տարվա համեմատ նվազելու է մոտ 1300-ով: Կանխատեսվում է, որ կնվազի նաև զորակոչիկների թիվը: Նվազումների «շնորհիվ», 2013 թվականի բյուջեի նախագծով մի քանի հարյուր միլիոն դրամի խնայողություններ են նախատեսվում: Չնայած դրան, բյուջետային հատկացումներն առողջապահության և կրթության բնագավառներում ավելացել են: Դա, նախ, պայմանավորված է «Եկամուտների հարկի մասին» օրենքի գործողության մեջ մտնելով, ինչի արդյունքում այդ բնագավառների բյուջետային աշխատողների աշխատավարձերին գումարվելու է նոր հարկը, որը, սակայն, անմիջապես էլ ետ է գանձվելու: Չնչին ավելացումներն էլ նախատեսված են նրանով, որ 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից դառնալու է 35 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում