Թուրքիայում խոնարհման եզրին է հերթական հայկական եկեղեցին
Նմանատիպ
Պատմական Հայաստանի մշակութային ժառանգությունը համարվող հայկական եկեղեցիներն ու կողոթները շարունակում են ոչնչացվել կամ մատնվել բախտի քմահաճույքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ntv.com.tr-ը, այս անգամ աղետալի վիճակում է հայտնվել Բինգյոլ (հայկական Բյուրակն) Քարլըօվա գավառի Թոքլուլար գյուղի շուրջ 800-տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին:
Գանձ որոնող արկածախնդիրների գործողությունների հետևանքով հայկական եկեղեցին խոնարհման եզրին է: Թոքլուլարի գյուղապետ Ֆեսիհ Քըշլաքչըն ցավով նշել է, որ իրենց գյուղում հանդիպող շատ պատմական կոթողներին մարդիկ գիտացաբար վնաս են պատճառում: «Մեր եկեղեցին բազմիցս արկածախնդիրների կողմից թալանվել է: Մեր գյուղ այցելող հայկական խմբերը նշել են, որ եկեղեցու անունը Ագոս է»,- պատմել է Քըշլաքչըն:
Գյուղացիներից մեկը նշել է, որ եկեղեցու շրջակայքում գտնվող տների հիմքում շատ հաճախ հնարավոր է հանդիպել պատմական մնացորդների: Նա ընդգծել է, որ եկեղեցին, որը երեխաների համար խաղահրապարակի է վերածվել, պետք է պետական խնամքի տակ առնվի: «Գյուղի մեծահասակներից և այստեղ եկող հայ այցելուներից իմացել ենք, որ եկեղեցին հայերից է մնացել և շուրջ 800 տարվա պատմություն ունի»,- նշել է բնակիչներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում