Ազատության սահմանափակում, ծնողական իրավունքից զրկում, արտաքսում. Պրոբացիայից բխող նոր պատժատեսակներ են սահմանվելու (տեսանյութ)

Ազատության սահմանափակում, ծնողական իրավունքից զրկում, արտաքսում. Պրոբացիայից բխող նոր պատժատեսակներ են սահմանվելու (տեսանյութ)

Այսօր գործող այլընտրանքային պատիժները մնալու են, միաժամանակ ՀՀ քրեական նոր օրենսգրքով սահմանվելու է մի քանի նոր պատժատեսակ՝ ազատության սահմանափակում, ծնողական իրավունքից զրկում, արտաքսում: Առաջինը  չի ենթադրում ազատազրկում,   իրավախախտը   չի պահվելու հիմնարկում, այլ   սահմանափակվելու են   նրա որոշ իրավունքները  որոշակի տարածքներում,  իսկ արատքսումը, բնականաբար,   վերաբերելու   է   օտարերկրյա քաղաքացիներին:

Լրագրողների հետ զրույցում մանրամասնեց  ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փորձագետ Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր օրենսգրքի դեռ միայն հայեցակարգն է հաստատվել, որի հիման վրա պետք է մշակվի օրենսգրքի նախագիծը:

Անդրադառնալով էլեկտրոնային մոնիտորինգին, Հովհաննիսյանը նշեց, որ այն առանձին պատժատեսակ չէ,  այլ կոչված է արդյունավետ դարձնել պրոբացիոն ծառայությունը, որին վերահսկողական ֆունկցիաներ են  վերապահվելու.  «Պատիժը պայմանական չկիրառելու դեպքում պրոբացիոն ծառայողը վերահսկողական գործառույթ է կատարելու, և այս դեպքում  էլեկտրոնային մոնիտորինգը լրացուցիչ գործիք է: Կրկնում եմ՝ այն  առանձին խափանման միջոց   կամ   պատժատեսակ  չէ»:

Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ ներդրվելիք պրոբացիայի ծառայությունը նույն ֆունկցիան չի կատարի, ինչ այլընտրանքային պատիժներինը, փորձագետը չբացառեց  ռիսկերը.

«Բայց այդ ռիսկերը, թե ինչքանով կգործի պրոբացիան,  կախված չէ  միայն   ծառայությունից,   կադրերից կամ արդարադատության նախարարությունից: Որպեսզի պրոբացիոն ծառայությունը գործի, շատ կարևոր է, որ  շահագրգիռ մարմինները՝ դատարան, վարույթ իրականացնող մարմին, համագործակցեն, այսինքն օգտվեն պրոբացիայի   ծառայությունից, դիմեն համապատասխան զեկույց ստանալու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում