Լորդերի պալատը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հունիսի 16-ին քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԹ խորհրդարանի պաշտոնական կայքը, 1915 թվականին հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու ՄԹ կառավարության դիրքորոշման մասին առաջին հարցը բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Ընդգծելով, որ աշխարհի 20-ից ավելի երկրների խորհրդարաններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Ուելսի համագումարի ընդունած բանաձևերը՝ բարոնուհին հարցրել է` արդյո՞ք ՄԹ կառավարությունը որևէ մտադրություն ունի վերանայել իր դիրքորոշումը և ցեղասպանություն ճանաչել 1915 թվականի իրադարձությունները: Քերոլայն Քոքսը նաև հիշեցրել է Հռոմի Ֆրանցիկսոս պապի խոսքերն այն մասին, որ ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ապաքինման, հաշտեցման և առաջ շարժվելու համար:
Կառավարության անունից Պահպանողական կուսակցության անդամ, Քորթաունի կոմս (The Earl of Courtown) Ջեյմս Սթոփֆորդը պատասխանել է, որ ՄԹ կառավարությունը ճանաչում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդին և այլ խմբերին հասցված սարսափելի տառապանքները:
«Հիշելով և հարգելով անցյալի զոհերի հիշատակը, մենք գտնում ենք, որ ՄԹ գերակայությունը պետք է լինի օգնել Թուրքիայի և Հայաստանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ համատեղ առերեսվելու իրենց ընդհանուր պատմությանը»,- նշել է Սթոփֆորդը: Նա հավելել է, որ կառավարությունը տեղ յակ է 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապի արած հայտարարությանը և հարգում է նրա տեսակետն այդ հարցի շուրջ:
«Մենք համամիտ ենք, որ շատ կարևոր է խիզախությամբ առերեսվել պատմության դասերին և անել մեր կարողությունների սահմաններում ամեն հնարավորը` նման վայրագությունները կանխելու համար»,- նշել է նա:
Հարցուպատասխանի ժամանակ լորդ Լինդոն Հարիսոնը, բարոնուհի Սառա Լադֆորդը և լորդ Ուիլիամ Բախը հարցեր են հղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հաշտեցման վերաբերյալ՝ մասնավորապես խնդրելով ներկայացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ-ը այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Ջեյմս Սթոփֆորդը դրական է գնահատել է այն, որ վերջին խորհրդարանական ընտրություններին հայկական ծագումով պատգամավորներ են ընտրվել խորհրդարանում: Նա նաև նշել է, որ ՄԹ կողմից ֆինանսավորվող Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի շրջանակում քննարկումներ են ծավալվում նաև հայ և թուրք շրջանավարտների միջև: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը նաև աջակցել է հայկական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությանը, որի շրջանակներում տպագրվել է ցեղասպանության ընթացքում հայերին փրկած թուրքերի կյանքի մասին պատմող գիրք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում