ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:  

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:   

Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:   

Արմեն Մուրադյանը հանձնարարեց բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:    Նախարարը հանձնարարեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում