Հայաստանը մտադիր է դեսպանատուն բացել Մեխիկոյում
Նմանատիպ
Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի, Կուբայի և Գվատեմալայի արտգործնախարարների հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ երկկողմ հարաբերությունների խթանմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար Պատրիցիա Էսպինոսայի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող համատեղ քայլերը՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարի Մեխիկոյում դեսպանատուն հիմնելու Հայաստանի մտադրության մասին:
Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Գվատեմալայի ԱԳ նախարար Հարոլդ Կալարերոսի հետ էր: Զրուցակիցները, արձանագրելով հարաբերությունները զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը, անդրադարձան ԱԳՆ-ների միջև համագործակցության հաստատմանը, քննարկեցին մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Հարոլդ Կալարերոսին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Գվատեմալա:
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պառիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում