6 խնդիր, որ պետք է լուծի Ռաֆայել Բենիտեսը
Նմանատիպ
Ռաֆայել Բենիտեսը չկարողացավ զսպել արցունքները, երբ պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ: «Վալենսիայի», «Լիվերպուլի», «Ինտերի», «Չելսիի» ու «Նապոլիի» հետ աշխատելուց հետո նրան հրավիրեցին հաղթելու ամենահեղինակավոր մրցաշարերում, իսկ էլ ինչու՞ են գալիս Մադրիդ:
«Ռեալի» երկրպագուները մեղմ ասած լավ չընդունեցին Անչելոտիին հեռացնելու փաստը և բացասական արձագանքեցին Բենիտեսի նշանակմանը: Նոր մարզչի համար «Ռեալում» աշխատանքը գուցե ամենաբարդը լինի կարիերայում: Նա երբեք նման բարձրակարգ ակումբում չի աշխատել: Բենիտեսը «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում» աշխատելու փորձ ունի, սակայն դա 90-ականներին էր: Ինչևէ, Պերեսը կարծում է, որ նոր մարզչի մադրիդյան արմատներն օգտակար կլինեն, իսկ Բենիտեսն արդեն այժմ պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա լուծել ակումբում առկա խնդիրները, օգտակար լինել, տիտղոսներ նվաճել և փոխել երկրպագուների տրամադրվածությունը: 2015-16թթ. մրաշրջանից առաջ Բենիտեսի առաջ 6 հիմնական խնդիր է դրված, որոնց մասին էլ խոսելու ենք:
Խնդիր 1. Դարպասապահի հարցը
Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո «Ռեալի» առաջին համարի հարցն ավելի վիճահարույց է դարձել: Իկեր Կասիլյասն այլևս անփոխարինելի չէ: Նրա անվստահ խաղը բացասական հետևանքներ է թողել, ինչն էլ երկրպագուների սուլոցների պատճառ է հանդիսացել կարևոր հանդիպումների ժամանակ: Բենիտեսը շատ դժվար որոշում պետք է կայացնի: Արդյո՞ք Իկերը կշարունակի մնալ հիմնական կազմում, թե՞ ավելի լավ կլինի, եթե նա հեռանա թիմից: Շատ բարդ է լինելու այս հարցին պատասխան տալը:
Հիմա շատ են լուրերն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հայտնվել «Ռեալում», սակայն անգամ այդ դեպքում Իկերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ: Սկզբունքային չէ` առաջի՞նը կլինի Իկերը, թե՞ կմնա պահեստայինների նստարանին: Կասիլյասը դեռ երկու տարվա պայմանագիր ունի, բայց հինգ տարի առաջվա Կասիլյասը չէ: Նա կարող է լավ փոխարինող դառնալ ու նախկինի պես կարևոր դեր ունենալ թիմում:
Դարպասապահի հարցում ևս մեկ խնդիր կա՝ Կեյլոր Նավասը: Դեռ հայտնի չէ, թե նրա հետ ինչ կլինի: Կոստառիկացին չի ցանկանում ակումբը լքել, նպատակադրված է պայքարել հիմնական կազմում լինելու համար, իսկ թե նրանցից ով կմնա թիմում, առաջին հերթին կախված է հենց նոր մարզչից:
Խնդիր 2. Գարեթ Բեյլի խաղային դիրքը
Բեյլը չկարողացավ այն բարձրակարգ խաղը ցուցադրել, որ կար առաջին մրցաշրջանում: Կասիլյասից հետո նա երկրորդ ֆուտբոլիստն է, ում «Ռեալի» երկրպագուները սուլեցին: Առաջին շշուկներն այն մասին են, որ Բենիտեսը մտադիր է Բեյլին ձախ եզր տեղափոխել, իսկ Ռոնալդուին հարձակման կենտրոն բերել: Բենիտեսը մտադիր է Բեյլին թիմի նոր ու գլխավոր աստղը դարձնել, իսկ Ֆլորենտիո Պերեսը դժվար թե ցանկանա վաճառել այն ֆուտբոլիստին, ում համար այդքա՜ն պայքարեց 2013-ի ամռանը:
Ուելսցու անհատական գործողությունները դուր չեկան երկրպագուներին ու քննադատներին: Ուշագրավ է, որ մրցաշրջանի լավագույն խաղերը (օրինակ «Բարսելոնայի» հետ (3:1), «Լիվերպուլի» հետ (3:0) թիմը հաղթեց առանց Բեյլի օգնության, իսկ նրա մասնակցությամբ կարևորագույն խաղերում թիմը պարտվեց: 4-4-2 սխեմայի դեպքում Բեյլն աջ եզրում Իսկոյի հետ ծանր բեռ էր թիմի համար, քանի որ վերջինս ավելի լավ էր խաղում, երբ Խամեսն էր աջ եզրում: Ուելսցուն հարձակման գծում օգտագործելը ևս «Ռեալին» նվազագույնը տվեց:
Նոր մրցաշրջանում թիմի մարտավարության փոփոխությունները մեծապես կախված կլինեն Բենիտեսի որոշումներից:
Խնդիր 3. Ռոնալդուի բացարձակ լիդերությունը
Մոուրինյուն «Ռեալում» երեք տարիների ընթացքում աշխատակազմի հետ չկարողացավ լուծել հարցերը, բազմաթիվ տարաձայնություններ առաջ եկան, արդյունքում թիմը մասնատվեց, հանդերձարանում միասնականությունը պակասեց: Նրան հաջորդեց Կարլո Անչելոտին, ով կարողացավ հանգստություն բերել մադրիդյան ակումբ: Իտալացի մասնագետը վստահություն ձեռք բերեց, ինչն էլ մեծ հաղթանակի հանգեցրեց, սակայն նաև բացասական հետևանքներ եղան: Ինչպիսի՞ն կլինի Ռաֆայել Բենիտեսի ղեկավարած թիմը, դեռ բարդ է ասել: Այս մարզիչը երբեք ֆուտբոլիստների հետ շատ ջերմ հարաբերություններ չի ունեցել:
Ի տարբերություն 2013-14թթ. մրցաշրջանի՝ Ռոնալդուն այս անգամ այնքան էլ լավ չխաղաց:Բենիտեսի համար հարց է նաև Ռոնալդուի շուրջ թիմի խաղը կառուցելու նպատակային լինելը: Հնարավոր է, որ առաջին հերթին հենց Բեյլի վրա է ազդել նրա բացարձակ առաջատար լինելու հանգամանքը: Գլխավոր դերում լինելու մրցակցության հարցի կողքին նաև դաշտում նրա դիրքի հարցն է կարևոր: Հիմա շշուկներ կան այն մասին, որ Ռոնալդուն կարող է սկսել մաքուր «9» համարի դիրքում խաղալ: Ռոնալդուի հետ կապված գլխավոր հարցի լուծումը՝ նա նո՞ր դիրքում կխաղա, թե՞ ամեն ինչ նույնը կմնա, հնարավոր է վնասի Գարեթ Բեյլի խաղին:
Խնդիր 4. Հաջողություն կարևոր խաղերում
Կարլո Անչելոտիին քննադատելու գլխավոր պատճառն Իսպանիայի աաջնության կարևորագույն խաղերում չհաղթելն էր: «Բարսելոնայի», «Ատելտիկոյի» և «Վալենսիայի» պես թիմերի դեմ խաղերում «սերուցքայիններն» ընդամենը 4 միավոր վաստակեցին ու 8 գնդակ խփեցին` բաց թողնելով 13-ը: «Ատլետիկոյի» դեմ խաղում, որի ժամանակ «Ռեալը» 7-րդ անգամ անընդմեջ պարտվեց մադրիդյան դերբիում, խնդիրներ կային, որոնք անհանգստության առիթ տվեցին: Եթե Ռաֆայել Բենիտեսն ուզում է բարձունքի հասնել «Ռեալում», ապա պետք է գլխավոր հակառակորդների հետ խաղերում հաղթանակ տանի:
Խնդիր 5. Ռոտացիա
Շատերը հակված են մտածելու, որ «Ռեալի» խնդիրներում մեծ դեր ունեն նաև արդեն նախկին մարզչի՝ Անչելոտիի` ռոտացիայի հետ կապված որոշումները: Տարբեր խաղերում հնարավորինս շատ ֆուտբոլիստների արդյունավետ օգտագործումը նոր մարզչի աշխատանքի կարևոր կետերից է լինելու: Իսպանացի մասնագետն այն մարզիչներից է, ով չի փայլում ռոտացիայի օգտագործմամբ, ու հենց դրա բացակայությունն էլ պատճառ դարձավ, որ նա «Նապոլիում» զգալի հաջողություններ չունենա: Սակայն «Ռեալում» միշտ պետք է հաղթել ու այդուհանդերձ նվազագույնի հասցնել թույլ խաղերի քանակը: Անչելոտիի գլխավորությամբ անընդհատ խաղում էին Մարսելոն, Բենզեման ու Կրոսը: Վերջինս աշխարհի ակումբային առաջնության ժամանակ գանգատվեց, որ հոգնել է ու նման գրաֆիկով խաղալուն սովոր չէ, սակայն խոսակցություն կար նաև այն մասին, որ հնարավոր է՝ թիմի կազմն ակումբի նախագահն էր ընտրում:
Փոխարենը «Բարսելոնայի» մարզիչն օգտագործեց այդ փիլիսոփայությունը: Լուիս Էնրիկեին մրցաշրջանի սկզբում շատ էին քննադատում, բայց կատալոնացիներն ամեն ինչ տեղը դրեցին ցույց տված արդյունքով: Իսկ «Ռեալի» հիմնական ֆուտբոլիստներն արդեն մրցաշրջանի կեսերից հոգնել էին, հետո էլ արդեն ֆիզիկական վիճակը թույլ չտվեց 60 րոպեից ավելի բարձրակարգ խաղ ցույց տալ:
Խնդիր 6. Տրանսֆերները Պերեսի ձեռքերում են
Ֆլորենտինո Պերեսին ու նրա տրանսֆերային նախընտրությանն ամբողջ աշխարհն է ծանոթ: Նա միշտ ամենաթանկ ֆուտբոլիստներին է գնում, իսկ թե ինչպես և որտեղ օգտագործել նրանց՝ նրա խնդիրը չէ: Չի կարելի Բեյլին պահեստայինների շարքում թողնել, որովհետև նա 90 մլն արժի, ու ավելի լավ է այնտեղ Իսկոն նստի, չէ որ նա ավելի էժան է:
Հիմա Բենիտեսի մոտ գլխացավ է առաջանալու մեկնարկային կազմերն ընտրելիս, եթե իհարկե նա իր ձեռքը չվերցնի տրանսֆերների գործընթացը: Եթե Բենիտեսը չկարողանա դա անել, ապա նրա առաջ կկանգնեն թանկ ու անպետք գնումները, իսկ արդյունքի բացակայության դեպքում ամբողջ մեղքն ուսերին կծանրանա:
Իր շնորհանդեսի օրը Բենիտեսն ասաց. «Ես այստեղ եմ, որպեսզի «Ռեալի» լավագույն մարզիչը դառնամ: Ակումբն իր կառուցվածքն ունի և հնարավորություն ունի լավագույն ֆուտբոլիստներին թիմում ընդգրկելու համար»:
Եթե Բենիտեսն իսկապես ցանկանում է Մադրիդում հաջողությունների հասնել, ուրեմն անպայման պետք է կարողանա դժվարին ճանապարհ անցնել, որը, հնարավոր է, բարդագույնը լինի իր մարզչական կարիերայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում