Արամոն ու Էմմա Պետրոսյանը մեկնում են ԱՄՆ
Նմանատիպ
Երգիչ, դերասան Արամոն Life.panorama.am-ին պատմեց վերջին շրջանում հանրությանը քիչ ներկայանալու պատճառների մասին. «Պետք է ասեմ, որ ես անընդհատ աշխատում եմ, անընդհատ կան նոր երգեր, նկարահանվում եմ մի քանի ֆիլմերում, բայց թե ինչու հեռուստադիտողը դրանց մասին չի տեղեկանում, դա իմ մեղավորությունը չէ, ես չէ, որ պետք է զանգեմ որևէ լրատվամիջոցի և ասեմ, որ ինձ հետ կապված այս կամ այն նորությունը կա: Ընդհանուր առմամբ՝ թվացյալ դադարը ահռելի աշխատանքով զբաղվելու հետևանք էր, ամեն դեպքում ես շատ եմ կարոտել երգարվեստը, իմ հանդիսատեսին, հուսամ հանդիսատեսն էլ մեզ է կարոտել»,- նշեց Արամոն:
Առաջիկա ծրագրերի հետ կապված Արամոյի համար այս պահին առաջնային տեղում է գտնվում կնոջ՝ Էմմա Պետրոսյանի համերգը. «Հունիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Էմմա Պետրոսյանի համերգը Կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է, իսկ հատուկ հյուրերի շարքում կլինենք ես և Հակոբ Ջաղացպանյանը, ինչպես նաև այդ համերգի համար Մոսկվայից կժամանի դաշնակահար Մադատ Ամալեսովը, ով նաև գործիքավորումն է արել: Պլանավորում ենք հիանալի, ռոմանտիկ և մտորումների գեղեցիկ մի երեկո, որտեղ կհնչեն ինչպես Էմմայի, այնպես էլ մեր հայ կոմպոզիտորների երգերը»,- նշեց երգիչը:
Առաջիկայում երգիչը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ համերգների, վերադառնալուն պես էլ երգիչը խոստացավ աշնանը նկարահանել նոր տեսահոլովակ. «Երբ վերադառնանք ԱՄՆ-ից, կսկսենք երգերի ընտրություն կատարել նոր ձայներիզի համար, նաև հուսանք, որ ես և Էմման այս աշնանը առանձնաբար մեր նոր գործերը կունենանք տեսահոլովակի տեսքով»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում: