Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ կհրավիրի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում երկու հարց կքննարկվի, հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Այսօր կքննարկվի Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀ Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:

ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է հոկտեմբերի 28-ի Արմավիրի մարզի Խորոնք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելուն:

Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը Հարսնաքարի հայտնի դեպքից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ թիվ 35 ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Թիվ 35-ում թեկծնածություն կառաջադրի ՀՀԿ-ական Արման Սահակյանը: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է նրան սատարելու մասին: Իսկ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մասին հայտարարել են «Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը, լրագրող Արտակ Եղիազարյանը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում