ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու համար ռուսական վարկի ստացման խնդիրներ չկան. Էներգետիկայի նախարարություն

ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու  համար  ռուսական վարկի ստացման  խնդիրներ չկան. Էներգետիկայի նախարարություն

Մամուլում շրջանառվող լուրերը, թե «որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում», իրականությանը չեն  համապատասխանում:  Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

«Ավելին, ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան: Տեղեկացնենք նաև, որ հունիսի 1-ին Մոսկվայում ՀԱԷԿ-ի և «Ռուսատոմ Սերվիսի» (գլխավոր կապալառուի) միջև նախաստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման վերաբերյալ» պայմանագիրը, որն առաջիկայում, ՀՀ ԷԲՊՆ կառավարման խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվի ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում