Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների մահերը թաքցնում է տասից ավելի անձանց գեներալի կոչում տալու մտադրության պատճառով. Ուզեիր Ջաֆարով

Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների մահերը թաքցնում է տասից ավելի անձանց գեներալի կոչում տալու մտադրության պատճառով. Ուզեիր Ջաֆարով

Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակում զինծառայողների երեք մահ է գրանցվել, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել այդ մասին ԶԼՄ-ների հրապարակումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ տարակուսանք է հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի ուշադրություն չի դարձրել մամուլում զինվորների մահվան հետ կապված տեղեկություններին:

Թերթի այն հարցին, թե ինչու է ՊՆ-ն լռություն պահպանում այս հարցում եւ հասարակությունից թաքցնում զինվորների մահվան դեպքերը, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտնել է, որ եթե ՊՆ-ն լռում է, դա պետք է գնահատել որպես համաձայնություն:

Փորձագետի կարծիքով` նման տիպի տեղեկությունները գիտակցաբար չեն հանրայնացվում:

«Աշխատում են մինչեւ հունիսի 26-ը բանակի հետ կապված իրավիճակը փչացնող տեղեկություններ չհրապարակել: Քանի որ նախատեսվում է տասից ավելի անձանց գեներալի կոչում շնորհել: Այդ անձանց շարքում կան այնպիսիները, որոնց անունները մամուլում բազմիցս հոլովվել է՝ կապված կաշառքի եւ կոռուպցիայի հետ: Այդ պատճառով էլ պաշտպանության նախարարությունը նման դիրք է բռնել: Չնայած, խոսքը մարդու ճակատագրի մասին է», -ասել է Ջաֆարովը:

Ադրբեջանցի ռազմական փորձագետը հավանական է համարել, որ բանակում զինվորների մահերի եւ նեգատիվ երեւույթների մասին տեղեկություններն այս օրերին հանրությունից թաքցնելու պատճառներից կարող են լինել նաեւ Բաքվում անցկացվող Եվրոխաղերը:

«Ազադլիգ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թովուզի Գարալար գյուղում տեղակայված զորամասի Թափդըգով ազգանունով զինվորն ինքնասպանություն է գործել: Նրա ինքնասպանություն գործելու հանգամանքները հայտնի չեն: Որպես ինքնասպանության պատճառ նշվել էր, որ զինվորին նեղացրել են նրա հրամանատարները: Աղդաշից զորակոչված Թափդըգովը արձակուրդից նոր էր վերադարձել զորամաս:

Մյուս զինվորը, որը ծառայում էր Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում, ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Ինքնասպանության պատճառը` ծանր ֆիզիկական բռնությունն է եղել: Թերթին չի հաջողվել պարզել նրա անուն-ազգանունը:

Թերթը հայտնել էր նաեւ օրերս առաջին գծում 18-ամյա զինվոր Էլվին Էթիբար օղլու Դերվիշեւի զոհվելու մասին: Վերջինս իսկական զինծառայության էր կանչվել Բելոքանի շրջանից: Նրա դին զինվորական պատիվներով հողին է հանձնվել հայրենի Քաթեխ գյուղում: Բոլոր երեք կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում