ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն որեւէ կոնկրետ դեր չի ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն ընդունելով կողմերի համար անվտանգության առաջնահերթությունը` ՆԱՏՕ-ի դիքրորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ նման դիրքորոշում հայտնեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի Եվրատլանտյան ինտեգրման եւ գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆան Էլգերսման: «ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի օգտակար դերակատարություն ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- ասաց նա: Էլգերսմայի խոսքերով, ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի պետությունների հետ ունի համագործակցություն, որը հենված է չորս սյունի վրա` երկրների աջակցություն, կրթական բարեփոխումների իրականացում պաշտպանական ոլորտում, հաշվետվողականություն եւ թափանցիկություն եւ, իհարկե, դիվանագիտություն»,- ասաց Էլգերսման:
Թեպետ համագործակցությունը երեք երկրների հետ տարբեր մակարդակների վրա է, սակայն փորձագետը հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև շարունակվելու են գործընկերային հարաբերություններն առանց դանդաղելու:
Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում