Արմեն Երիցյանը մարզպետներին հանձնարարել է բարելավել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները

Արմեն Երիցյանը մարզպետներին հանձնարարել է  բարելավել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հուլիսի 19-ին արտահերթ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բոլոր 10 մարզպետերի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցերը, գույքահարկի և հողի հարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց առնչվող խնդիրները, համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերը, կարկտահարված համայնքների խնդիրներն ու մանկապարտեզներում տիրող սանիտարական վիճակին առնչվող հարցերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանրապետությունում իրականացվող պետական բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն սահմանված ժամկետներում, վերանայման ենթակա է երկու ծրագիր՝ առկա ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: ՏԿԱԻ նախարարին զեկուցել են հանրապետությունում առկա հողատեսքերի վերագնահատման խնդրի մասին: Նախարար Երիցյանը հանձնարարել է քննարկել խնդիրը Կադաստրի պետական կոմիտեի հետ և հնարավոր լուծումներ առաջարկել:

Քննարկվել են նաև այս պահի դրությամբ հանրապետության շուրջ 5 մարզերում  տեղացած կարկուտի հասցրած վնասները՝ ինչպես գյուղական տնտեսություններին, այնպես էլ՝ բնակարաններին: ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ մարզերում գործող մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունները մի շարք համայնքներում ի հայտ են  բերել սանիտարական խնդիրներ: Նախարար Երիցյանը մարզպետերին հանձնարարել է շուտափույթ միջոցներ ձեռնարկել նշված մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ:

ՏԿԱԻ նախարարն անդրադարձել է նաև համայնքներում աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի խնդրին. մարզպետերը հավաստիացրել են, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն՝ համայնքների կողմից ձևավորված պարտքերի շուտափույթ մարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում