Զինակոչիկների առողջական խնդիրները կլինեն Times.am-ի ուշադրության կենտրոնում
Նմանատիպ
Մամուլում տեղ գտած հրապարակումներին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Times.am-ին է տրամադրել երկու քաղաքացիների բուժզննումների արդյունքները: Փաստաթղթերը ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը.
«Վահան Արայի Բարիկյանի և Հովհաննես Սուրենի Կարապետյանի` պարտադիր զինծառայությունից ազատվելու հանգամանքներն ուսումնասիրվել են: Արդյունքում պարզվել է, որ Վահան Արայի Բարիկյանը` ծնված 04.02.1992թ., 14. 05.2008թթ. Սպիտակի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից սրտի հիվանդության` «CLC սինդրոմ» նախնական ախտորոշմամբ ուղեգրվել է ՀՀ ԱՆ «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն: Այնտեղ հետազոտության արդյունքում ախտորոշվել է «Թեթև արտահայտված նեյրոցիրկուլատոր դիստոնիա, տախիկարդիկ ձև: Ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ բարձր զգայունությամբ – 10 ՄԷՏ»:
Հաջորդ` 2010թ. գարնանային զորակոչին Վ.Բարիկյանը ենթակա է եղել զորակոչի և բժշկական հանձնաժողովի քննության ընթացքում աչքերի հետ կապված առողջական խնդիրների պատճառով 10.05.2010թ. ուղեգրվել է հետազոտության ՀՀ ԱՆ «Ս.Վ.Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ ախտորոշվել է «երկու աչք- ցանցաթաղանթի դիստրոֆիա»: Իսկ սրտի առողջական խնդիրները հետազոտելու նպատակով 10.05.2010թ. կրկին ուղեգրվել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Կրծքավանդակի առաջնային պատի ոչ արտահայտված ռախիտիկ դեֆորմացիա, առանց արտաքին շնչառության ֆունկցիայի խանգարման»: Զորակոչիկի անձնական գործում էլ նշված է եղել, որ նա գանգատներ չի ներկայացրել, սակայն դեռ 15-16 տարեկանում Սպիտակի ԲԿ պոլիկլինիկայում անցած հետազոտությունների ժամանակ կատարված գրառումներում նշված են սրտի և աչքերի հիվանդությունների վերաբերյալ:
Վերոնշյալ հետազոտությունների արդյունքները ներկայացվել են ԿԲՀ-ի որոշմանը` «երկու աչք- ցանցենու դիստրոֆիա ՕՍ 0.1/չի կորեկցվում»:
Հիմք ընդունելով այս ախտորոշման արդյունքները, ՀՀ ՊՆ 175-10թ. հրամանի 85 հոդվածի «Ա» կետի համաձայն ճանաչվել է «պիտանի չէ զինծառայության»` հանելով հաշվառումից:
Ինչ վերաբերում է Հովհաննես Սուրենի Կարապետյանին` ծնված 29.08.1995թ., ապա Սպիտակի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից 30.05.-02.06.2011թ. նա ուղեգրվել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն նյարդաբանական առողջական խնդիրներով` «մնացորդային երևույթներ կրած էնցեֆալիտից հետո էպիլեպտիկ նոպաներով գեներալիզացված» նախնական ախտորոշմամբ: Նյարդաբանական բաժանմունքում անցած հետազոտության` «Էպիլեպսիա-բուժ. Փաստաթղթերով և տիպիկ ԷՊԻ ԷԷԳ փոփոխություններով» արդյունքում Սպիտակի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը Հ. Կարապետյանին ճանաչել է «պիտանի չէ զինվորական ծառայության»:
2013թ. աշնանային զորակոչին նա ուղեգրվել է ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական ԲԿ, որտեղ ախտորոշվել է «անձի և վարքի խանգարումներ թեթև արտահայտված, էպիլեպսիա ըստ բժշկական փաստաթղթերի»: 15.11.2013թ. կրկին ուղեգրվելով «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն, անցել է բոլոր հետազոտությունները, որտեղից ԿԲՀ-ին ներկայացվել են բժշկական եզրակացությունները` Էպիլեպսիա-բուժ. փաստաթղթերով և տիպիկ ԷՊԻ ԷԷԳ փոփոխություններով, մանկուց հաշմանդամ»:
Այսպիսով, Հ. Կարապետյանը ճանաչվել է «ժամանակավորապես պիտանի չէ խաղաղ ժամանակ» և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տրվել է տարկետում 3 տարի ժամկետով, մինչև 13.12.2016թ.:
Ցավոք, Հովհաննես Կարապետյանը մանկուց հաշմանդամ է, որը ներկայացված է «Արաբկիր» հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնի կողմից տրված եզրակացություններում»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով սկսվելու է նոր զորակոչ, Times.am-ը հետևողական է լինելու զորակոչիկների առողջական խնդիրներին վերաբերվող հարցերին։ Խմբագրությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, անհրաժեշտության պարագայում, տեղեկացնել մեզ զորակոչիկների առողջական խնդիրների մասին` վստահեցնելով, որ բոլոր դիմումները ուսումնասիրվելու են մեր մասնագետների կողմից և ուղարկվեն ՀՀ ՊՆ համապատասխան բաժիններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում