Ջրհեղեղի հետեւանքով հարազատներին կորցրած հայ պատանին հերոսական արարք է կատարել

Ջրհեղեղի հետեւանքով հարազատներին կորցրած հայ պատանին հերոսական արարք է կատարել

Թբիլիսիում ջրհեղեղից մորն ու մորաքրոջը կորցրած 15-ամյա Միխայիլ Շահբազյանը հայտնվել է վրացական կառավարության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Delma news-ը, Շահբազյանը որպես կամավոր օգնում է աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին: Ջրհեղեղի օրը նաեւ փրկել է 60 շան կյանք:

Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են Շահբազյանին եւ նրան հանձնել նվերներ ու շնորհակալություն հայտնել հերոսական վարքագծի համար: «Միխայիլին, ով հետաքրքրվում է լուսանկարչությամբ, նվիրել ենք պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, համակարգիչ եւ բջջային հեռախոս: Իսկ նրա ընտանիքի անդամներին դրամական օգնություն` 2000 լարիի չափով»,- ասել են նախարարության աշխատակիցներ:

Հայազգի երիտասարդի հերոսական քայլին վերջին օրերին անդրադարձել են վրացական բոլոր կայքերը: Նրա վերաբերյալ առանձնահատուկ հայտարարություն է արել նաեւ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Նա գիտեր, որ իր ընտանիքի անդամներն արդեն ողջ չեն, սակայն փրկել է 60 շան կյանք Թամազ Էլիզբարաշվիլու կենդանիների ապաստարանից: Երբ նրա ընտանիքի անդամներին հուղարկավորեցին, նա որպես կամավոր սկսեց աշխատել աղետի հետեւանքները վերացնելու համար: Մենք հերոսության ականատես եղանք եւ նման հերոսներին անհնար է թողնել առանց պարգևի»,- ասել է Ղարիբաշվիլին: ;

Ներկա դրությամբ Միխայիլը գտնվում է տատիկի եւ պապիկի խնամքի ներքո: Նրան հետեւում է նաեւ հոգեբանը, ով իր աշխատանքը կոորդինացնում է առողջապահության նախարարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում