Հայաստանում անպտղությամբ տառապող 260-300 զույգ անվճար ախտորոշման ու բուժման կուրս կանցնի

Հայաստանում անպտղությամբ տառապող 260-300 զույգ անվճար ախտորոշման ու բուժման կուրս կանցնի

Անպտղությամբ տառապող 260-300 անապահով զույգ ընթացիկ տարում հնարավորություն կունենա անվճար ախտորոշման և բուժման կուրս անցնելու: Դա հնարավոր կլինի ՀՀ կառավարության կողմից «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունմամբ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ծրագրի համար նախատեսված է 78 միլիոն դրամ: «Կառավարության որոշման մեջ հստակ սահմանված է ծրագրի իրականացման և շահառուների ընտրության կարգը: Այստեղ խոսքը երկու փաթեթների մասին է`առաջինը՝ 30-ից բարձր անապահովության ցուցանիշ ունեցող բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայություններ են, որոնք ներառում են հետազոտություն` ախտորոշում, թե ինչից է առաջացել անպտղությունը, և բուժման մեթոդների կիրառում` լաբորասկոպիկ մեթոդներ, դեղորայքային բուժում, և որպես օժանդակ ծառահություն` կիրականացվի սերմնավորում՝ առավելագույնը 6 անգամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 30-ից բարձր անապահովության միավոր ունեցող անպտուղ զույգերի թիվը Հայաստանում կազմում է 20 հազար 798, օժանդակ տեխնոլոգիաներով բուժման կարիք ունեցողների թիվը՝ մոտ 9 հազար 400 զույգ, որից 40 տոկոսը կարիք ունեն արտամարմնային բեղմնավորման: Բայց քանի որ կառավարության այս որոշումը նախատեսված չէ արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող զույգերի համար, ստացվում է, որ ծրագրի շահառուների թիվը ներկայում կազմում է 5 հազար 616: «Անպտղությամբ տառապող զույգերի ախտորոշման, բուժման ու սերմնավորման ծառայությունների փաթեթը կազմո ւմ է 300-350 հազար դրամ: Դա նշանակում է, որ 78 միլիոնի սահմաններում մենք կարող ենք մոտ 260-300 շահառու ունենալ: Դա էլ մեր նախնական տվայլներով 150 ծնունդ կապահովի»,- տեղեկացրեց Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ այս ծրագրով փորձում են նպաստել ծնելիության աճին:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի երկրորդ փաթեթը նախատեսված է 10-30 անապահովության ցուցանիշ ունեցող ընտանիքների համար, որով նրանց նույն ծառայությունները կմատուցվեն արտոնյալ պայմաններով: Այսինքն՝ կլինի համաֆինանսավորում՝ ամենայն հավանականությամբ՝ 30 տոկոսը շահառուների կողմից:

Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ծրագրին կարող են դիմել 20-40 տարեկան զույգերը, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է, և ընտանիքը կազմավորված է ՀՀ օրենքներին համապատասխան: Զույգերը կարող են դիմում-հայտերը ներկայացնել հուլիսի 1-ից Առողջապահության նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովին:

Ծրագրի իրականացմամբ կզբաղվեն այդ ծառայությունների մատուցման փորձն ունեցող 3 խոշոր ծննդատներ և 2 լիցենզավորված մասնավոր բուժհաստատություններ:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ ծրագրի իրագործման ողջ ընթացքում զույգերն ազատված կլինեն լրացուցիչ ծախսերից: «Այդ ընթացքում խիստ վերահսկողություն ենք սահմանելու ու հավելյալ վճարումների կարիք չի առաջանա»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Անպտղության տարածվածության ցուցանիշը 2000-ին կատարված հետազոտությունների արդյունքներով հասնում էր 31,9 տոկոսի, որից առաջնային անպտղության տարածվածությունը 3,4 տոկոս էր, երկրորդային անպտղությունը՝ 28,5 տոկոս: 2014թ-ին կատարված հետազոտությունների արդյունքում՝ այդ ցուցանիշը կազմում է 14.9 տոկոս, որից 4,3 տոկոսը՝ առաջնային անպտղություն, 10.6 տոկոս՝ երկրորդային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում