Փորձագետն առաջարկում է ստեղծել տուրիստական ընկերությունների ռեեստր և կարգավորել դաշտը

Փորձագետն առաջարկում է ստեղծել տուրիստական ընկերությունների ռեեստր և կարգավորել դաշտը

Կառավարությունն ամեն ինչ անում է տուրիզմը զարգացնելու  համար, ավելին՝ այդ գործում  արդեն  նշանակալի արդյունքների է  հասել:Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա սեմինարի ժամանակ  հայտաարարեց  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի նախագահ  Արտակ Շաբոյանը՝ միաժամանակ նկատելով, որ կան մրցակցային խնդիրներ:

ՏՄՊՊՀ-ի  ուսումնասիրության փաստում են, որ  ՀՀ-ում տարեցտարի ավելանում են ոչ միայն հյուրանոցային տնտեսությունները, այլև զբոսաշրջային ծառայություններ մատուցող  ընկերությունները, ինչը մղում է թեժ մրցակցության,  որտեղ երբեմն խախտվում են արդար խաղի կանոնները՝ բուկլետներում մոլորեցնող, իրականությանը  չհամապատասխանող  տեղեկատվություն,  իբր էժան փաթեթների առաջարկ և այլն: Ավելի վաղ  բերել էինք «Մարաթուկ»-ի օրինակը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Times.amի հետ զրույցում անդրադառնալով մրցակցային խնդիրներին շեշտեց, թե պետք է խիստ լինել արտագնա տուրիզմի կազմակերպման դեպքում,  երբ առաջարկում են 390 դոլարանոց փաթեթ, բայց երբ գրասենյակ ես այցելում, պարզվում է, որ ունեն միայն 700 դոլարանոցը, երկրորդ՝ վստահեցնում են, թե այսինչ տեսարժան վայրը, ծովափը գտնվում  է 30-40 մետր հեռավորության վրա, բայց իրականում  3-4 կմ վրա է:

«Խնդիր կա նաև չգրանցված տոմսերի վաճառքի, իսկ այս ազատականացումը բերելու է պայթյունի»-շեշտեց Պիպոյանը:

Նույն պատկերը նաև ներգնա տուրիզմի դեպքում է. տեղադրում են ճոխ լողավազանի լուսանկարներ, բայց  զբոսաշրջիկը տեղ հասնելուն պես պարզում, որ այդտեղ լողանալ չի լինի, քանի որ կեղտոտ է, կամ  առաջարկված հինգաստղանի հյուրանոցը  երեքաստղանի  է: Իսկ մեկ անգամ խաբված օտարերկրյա զբոսաշրջիկը հաջորդ անգամ չի գա, ավելին՝ սրա արդյունքում  կկորցնենք 10-ը պոտենցիալ տուրիստ:

«Պետք է լինի հստակ օրենսդրություն. գերիշխող դիրքերը պետք է առանձնացնել ըստ ուղղության, ամբողջականի  մեջ  ընկերությունը  գուցե  գերիշխող դիրք չունենա: Առաջարկում են նույնիսկ  ինքնարժեքից ցածր փաթեթներ և դաշտից դուրս  թողնում նորերին, եթե նրանք դուրս գան, ապա նույն տուրփաթեթների գինը հաջորդ տարի անհամեմատ բարձր է լինելու»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Արդեն սեմինարի ընթացքում  Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանն իր հերթին  հաստատեց՝ տուրիստական գործունեությունը երկրում պետք է կարգավորված լինի, որպեսզի ամեն մեկն իրավունք չունենա  դրանով զբաղվել և երկիր ներկայացնել,  այսինքն՝ պետք է ստեղծվի ռեեստր: Այս համատեքստում  ոլորտի մասնագետն առաջարկեց  աշխատել պլանային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, երբ  զբոսաշրջիկը  Հայաստան է գալիս կազմակերպության միջոցով, քանի որ այս դեպքում բյուջե ավելի  շատ գումար կմտնի: Բայց սրա համար անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման որակը, հյուրանոցներում մշակութային միրջոցառումներ  կազմակերպել և այլն:

«Արևմտյան սանկցիաների պայմաններում ռուսաստանցիների մեծ մասը որոշել է իր երկրում հանգստանալ, բայց մենք նրանց կարող ենք Հայաստան բերել, նրանց կողմից ցանկություն կա, բայց պետք է որակ լինի, քանի որ ռուս զբոսաշրջիկը տեղեկացված է, աշխարհ տեսած: Կարող ենք նաև աշխատել, Իրանի, Չինաստանի ուղղությամբ, Գերմանիայի հետ ոլորտում արդեն համագործակցության լավ արդյունքներ կան»,- ամփոփեց Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում