Հարավային Կորեայում MERS-ով վարակվածների թիվը հասել է 179-ի
Նմանատիպ
Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 179-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Հունիսի 24-ին գրանցվել է վարակման չորս նոր դեպք: Վարակվածների թվում է սեուլցի մի բուժքույր: Զոհերի թիվն արդեն երրորդ օրն է՝ մնում է անփոփոխ՝ 27:
Ներկայում 16 մարդ հիվանդանոցում է՝ օրհասական վիճակում: Կարողացել են ապաքինվել 67 բնակիչներ, այդ թվում՝ 13-ը՝ այս շաբաթվա սկզբից:
Վիրուսի բռնկումը բացասաբար է ազդել հանրապետության նախագահ Պակ Կին Հեյի վարկանիշի վրա, որը Հարավային Կորեայի բազմաթիվ քաղաքացիների կարծիքով՝ չափազանց ուշ արձագանքեց վիրուսի բռնկմանը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ կարանտինի տակ է գտնվում շուրջ 3,1 հազար մարդ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը :
Հետևեք մեզ նաև Telegram-ում