«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կոչ են արել երկու օրում համաձայնության գալ զենքի հետքաշման շուրջ
Նմանատիպ
«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան. Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) ԱԳ նախարարները Փարիզում կայացած բանակցություններում հավաստել են, որ պաշտպանում են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը եւ կոչ են արել կողմերին՝ մինչեւ հունիսի 26-ը համաձայնության հասնել հակամարտության գոտուց սպառազինությունների հետքաշման շուրջ: Այդ մասին ասված է ամփոփիչ հայտարարության մե, որը հրապարակել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք այդ կապակցությամբ ողջունում ենք անվտանգության հարցերի գծով աշխատանքային խմբի խորհրդակցության անցկացումը, որը կկայանա հուլիսի 2-ին: Մենք կոչ ենք անում դրա մասնակիցներին մինչեւ հունիսի 26-ը համաձայնության հասնել տանկերի եւ 100 միլիմետրից պակաս տրամաչափի մի շարք այլ սպառազինությունների հետքաշման շուրջ»,- հայտարարել է Ֆաբիուսը: Նրա խոսքով՝ հետքաշումը պետք է սկսվի առաջիկա շաբաթներին:
Արտաքին գործերի նախարարները վերստին ընդգծել են «Դոնբասի հակամարտության արագ ապաէսկալացման եւ կրակի անհապաղ դադարեցման» անհրաժեշտությունը: Նրանց խոսքով՝ դա թույլ կտա առաջընթացի հասնել «ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում»: Բացի այդ, «քառյակի» ԱԳ նախարարները կոչ են արել՝ դադարեցնել ԵԱՀԿ-ի դիտորդների մուտքի սահմանափակումը, ինչը խոչընդոտում է ծանր սպառազինությունների հետքաշման նկատմամբ հսկողությանը եւ հակասում է Մինսկի համաձայնություններին, եւ «վերացնել այն արգելքները, որոնք խանգարում են հակամարտության գոտի մարդասիրական օգնություն հասցնելուն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում