ԱՄՆ-ը լրտեսել է Ֆրանսիայի նախագահներին. WikiLeaks
Նմանատիպ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) 2006-2012 թվականներին լրտեսել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ նրա նախորդներին՝ Ժակ Շիրակին ու Նիկոլա Սարկոզիին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WikiLeaks-ի կայքին:
Կայքը վկայակոչում է հետախուզության գաղտնի հաշվետվությունների տվյալներ եւ ԱԱԳ-ի տեխնիկական փաստաթղթեր:
Ինչպես նշում է BBC-ն, ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություններից, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 24-ին Պաշտպանության խորհրդի նիստ է անցկացնելու:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզական գերատեսչությանը մեղադրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին լրտեսելու մեջ:
WikiLeaks-ի կայքը հունիսի 23-ին հայտարարել է Espionnage Elysee վերտառությամբ փաստաթղթերի հրապարակումն սկսելու մասին:
Հաղորդվում է, որ գաղտնի նյութերը ներառում են Ֆրանսիայի երեք նախագահների, այդ երկրի նախարարների եւ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանների հաղորդակցումների գաղտնալսումներ:
Փաստաթղթերից մեկում, որը թվագրված է 2012 թվականով, ներառվել են եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հավանականության շուրջ Օլանդի քննարկումները, իսկ 2011 թվականի փաստաթղթում պատմվում է, որ Սարկոզին լրջորեն տրամադրված էր Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսման հասնել, հնարավոր է՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում