Ոստիկանությունը ստուգեց Բաղրամյան պողոտայի աղբամաններում պարկերով քարեր լինելու տեղեկությունը
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ ցուցարարների կողմից Բաղրամյան պողոտայի մեջտեղում շարված աղբամաններում կան պարկերով քարեր: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ առաջին հերթին հենց ցուցարարների անվտանգության համար է անհրաժեշտ ստուգել տեղեկությունը:
Ոստիկաններն ու մի քանի ցուցարարներ բացեցին աղբամանների կափարիչներն ու համոզվեցին, որ այնտեղ քարեր չկան: Տեղեկությունը ստուգելուց հետո պարզվեց, որ աղբամաններում շինարարական աղբ է:
Ավելի վաղ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարները կրկին հրաժարվել էին Ազատության հրապարակ տեղափոխվելու առաջարկից: Առաջարկը դերասան Հովհաննես Ազոյանի միջոցով ցուցարարներին էր փոխանցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Ոստիկանությունը խոստացավ երաշխիք տալ, որ Ազատության հրապարակում նրանց հավաքը չի խոչընդոտվի: Ցուցարարները չհամաձայնեցին անգամ բանակցել: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ գործողություններ չի իրականացնի, իսկ որևէ գործողության դիմելուց մեկ ժամ առաջ կզգուշացնի:
Պողոտայում են նաև ԱԺ պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մտավորականներ, ովքեր ժամանել են գիշերը ցուցարարների եւ ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու կոչով ու պատրաստակամությամբ: Ողջ գիշեր պողոտայում են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները` Մայր աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում