ԱԺ նիստն ավարտվեց. քննարկումը կշարունակվի վաղը

Այսօր ժամը 12:00-ին սկսված ԱԺ նիստը քիչ առաջ ավարտվեց: Նիստի սկսվելուց ի վեր օրակարգում միայն ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունն էր՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Գլխավոր դատախազը իր միջնորդությունը ներկայացնելուց հետո պատասխանեց նաեւ ներկաների հարցերին: Այնուհետեւ պատգամավորների հարցերին պատասխանեց նաեւ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա ներկայացրեց իր տեսակետը եւ խոսեց իր հանդեպ ներկայացված մեղադրանքներից:

Այնուհետ ելույթների համար գրանցվեցին պատգամավորները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ իր կուսակիցներն անգամ հարց էլ չուղղեցին Գլխավոր դատախազին, քանի որ իրենց համար պարզից էլ պարզ է, որ սա քաղաքական պատվեր է: Նա նշեց, որ Վ. Օսկանյանի դեմ որեւէ մեղադրանք չկա: Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն այս հարցը վաղը բարձրացնելու է նաեւ ԵԽԽՎ-ում: Նա նշեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը, ինչպես նաեւ հաջորդ չորս օրերի ընթացքում նրանք չեն մասնակցի այլ հարցերի քվեարկությանը եւս: Պատգամավորը կոչ արեց իր գործընկերներին եւս չմասնակցել քվերակությանը:

Զոհրաբյանից հետո ելույթներ ունեցան պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Գալուստ Սահակյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք: 

Նիստը կշարունակվի վաղը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում