«Ուժեղ դիրքը չի նշանակում, որ ուժեղ ես». Քաղաքական գնահատականներ Նախագահի առաջարկի և այն մերժելու ակտիվիստների որոշման շուրջ (տեսանյութ)
Նմանատիպ
«Եթե մի կողմն իր պահանջները պարզ և հստակ ներկայացրել է, իսկ մյուս կողմն ուղղակի հրավիրում է քննարկման՝ առանց կոնկրետ նշելու, թե ինչ խնդիրներ են քննարկվելու, կա մտավախություն, որ այնտեղ գնալուց ոչ մի լուծման չեն հասնի, ինչը ցույց է տվել 23 տարվա մեր փորձը»,– «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկմանը շեշտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պահանջները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են ուղղված, ուստի սպասումներն էլ նրանից են. «Կառավարության երեկվա որոշումից հետո ասեցին՝ մեր պահանջները ձեզ չէր ուղղված, ինչու եք դուք արձագանքում: Ի վերջո Կառավարությունը համակարգի խնդիրը չի լուծում, ոչ էլ պահանջներում մատնանշվածը»:
Իր հերթին հանդիպմանը ներկա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Հայաստանը կիսանախագահական երկիր է, որտեղ նախագահն ավելի շատ լիազորություններով է օժտված, ուստի երիտասարդությունն հույսը կապում է հենց նախագահի հետ: «Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու նրանք չեն ընդունում նախագահի հետ հանդիպման առաջարկը: Այս խնդիրն ի վերջո պետք է հանգուցալուծվի: Աշխարհում ընդունված կարգ է, որ երբ քաղաքացիական հասարակությունը որևէ խնդրի մասին բարձրաձայնում է հանրահավաքների միջոցով, այնուհետև գնում են բանակցությունների, որպեսզի խնդիրը լուծեն: Իսկ բանակցությունների արդյունքում հարցը կլուծվի, թե ոչ, սա հարցի երկրորդ կողմն է, բայց նախ պետք է նստել և խոսել»,– ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը լրացրեց՝ բանակցությունները միայն քաղաքական չեն լինում կամ հակառակորդների միջև, ընտանիքում էլ են բանակցում, կյանքում ամեն ինչ բանակցությունների հիման վրա է.«Ուժեղ դիրքը չի նշանակում, որ ուժեղ ես. ամենաուժեղ դիրքն ունի նորածին երեխան, բայց ֆիզիկապես նա ամենաուժեղը չի: Ըստ այդմ՝ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներն ամեն օր իրենց դիրքն ուժեղացնում են, չնայած ունեն նորածին երեխայի կամ նորածին շարժման կարգավիճակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում