Սակագնի բարձրացման չեղյալության մասին Շարմազանովը չէ, որ պիտի հայտարարի (տեսանյութ)

Սակագնի բարձրացման չեղյալության մասին Շարմազանովը չէ, որ պիտի հայտարարի (տեսանյութ)

«Էներգետիկ անվտանգության հարցերը կարևոր են ՀՀ իշխանությունների համար,  և խնդիրը ոչ  միայն 6-7 դրամն է: Սա գործընթացի սկիզբն է, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը լինի կայուն: Էներգետիկ համակարգը պետք է առողջացվի, որևէ մեկը չի ցանկանում թանկացում, որևէ մեկը դրա կողմնակիցը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, կրկնում եմ՝ խնդիրը չարաշահումների մեջ չէ,  այդ 7 դրամի մեջ որևէ չարաշահում ներառված չէ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀԷՑ-ում աուդիտի անհրաժեշտություն կա,  այլապես Նախագահ Սերժ Սարգսյանը նման առաջարկ չէր անի, և որ այն լինելու է  բաց և թափանցիկ:

Հարցին,  թե աուդիտի անցկացման որոշումը չի ենթադրում, որ հոսանքի  թանկացման որոշումը չեղյալ է արվելու,  Շարմազանովն ընդգծեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է նման հայտարարություն անի. «Ես կարծում եմ, որ երբ դա կքննարկվի, դուք կիմանաք: Ես այն անձը չեմ, որ պետք է այդ մասին ասեմ: 6-7 դրամով էլեկտրաէներգիայի  թանկացումը չի նշանակում, որ այլ ելքեր պետք չէ փնտրել»:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում  տեղի ունեցող ակցիաներին և դրանց մասնակիցների պահվածքին, Շարմազանովն ասաց, թե հեռու են իրականությունից այն խոսակցությունները, թե Հայաստանում կարող է մայդան լինել. «Այնտեղ հավաքված են մեր քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները, և մենք դրական ենք գնահատում այդ ակցիան»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում