Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում. «Ադրբեջանը ոչ միայն արհամարում է միջազգային հանրության սպասելիքները, այլև մշտապես նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք քաղաքակիրթ աշխարհի արժեքներին դեմ են»
Նմանատիպ
Նյու Յորքում գտնվող ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում, որում անդարադարձել է ԼՂ խնդրի կարգավորմանն ու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքին, մարդասպանի հերոսացմանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանությանն ու Թուրքիայի’ տարիներ շարունակվող ժխտողական քաղաքականությանը:
Ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ:
«Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին’ շնորհավորելով Վուկ Երեմիչին Գլխավոր ասմաբլեայի 67-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապացկությամբ: Կցանկանաի նաև մեր շնորհակալությունները փոխանցել նախորդ նախագահ Նասեր Աբդուլազիզ Ալ-Նասերին:
Գլխավոր ասամբելայի ասյ նստաշրջանը անգնահատելի հնարավորություն է ՄԱԿ-ի անդամ երկրներին միավորվելու’ մարդկության առջև ծառացած մարտահրավերները/մրցահայտներն ուսումնասիրելու և ջանքերը մեկտեղելու’ դրանց արդյունավետ լուծումներ տալու և միջազգայնորեն համաձայնեցված նպատակներն իրականաթյուն դարձնելու համար: Բոլորս էլ գիտենք, որ, երբ որոշումները կայացվում են փոխադարձ ըմբռնման հիման վրա, դրանց իրականացումն ու հաջողությունն ավելի խոստումնալից են:
Հայաստանը հանձնառու է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զորացմանը: Մենք սատարում ենք Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների գործընթացը և պատրաստ ենք մեր տեսանելի ներդրումն ունենալ: Վստահ ենք, որ բարեփոխումները հնարավորություն կտան բարձրացնելու ՄԱԿ-ի դերը աշխարհի առջև հառնած վճռորոշ խնդիրների հարցում և հասնելու թե’ Հազարամյակի զարգացման, և թե ‘Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
Մենք ողջունում ենք այն փաստը, որ առաջարկվել է, 67-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում համատեղ պատասխանատվության հրատապ հարցերի հետ մեկտեղ, նստաշրջանի ընթացքում կենտրոնանալ նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերի վրա:
Այս համատեքստում ՄԱԿ-ի շրջանակներում տեղի ունեցավ Խաղաղության մշակույթի վերաբերյալ բարձր մակարդակի առաջին ֆորումը, որը հանդուրժողականության, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք ստեղծելու կոչով հանդես եկավ: Դժբախտաբար, այսօր ատելությունն ու անհանդուրժողականությունը շարունակում են տարածվել աշխարհի որոշ անկյուններում, և մենք դեռ պետք է փնտրենք ու հասկանանք այդպիսի իրավիճակների արմատներն ու դրդապատճառները, խիզախություն ունենանք դժվարին հարցադրումներ անելու դրանց պատճառների մասին և առերեսվելու դրանց, երբեմն ցավալի, պատասխաններին:
Պարոն նախագահ,
Ցավոք, մենք նույնպես, աշխարհի մեր անկյունում, ականատեսն ենք եղել անհանդուրժողականության ու ատելության: Տարեցտարի Հայաստանն իր մտահոգություններն է բարձրաձայնել այս ամբիոնից ռազմատենչ հռետորաբանության, միջազգային հանձնառությունների կոպտագույն ոտնահարման ու հակահայկական հիստերիայի մասին, որը պատվաստվում է ադրբեջանական հասրակության մեջ իր ղեկավարության ամենաբարձր մակարդակներից:
Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող դեպքերի մասին, զգուշացրել են հայերի հանդեպ ատելության քաղաքականության մասին:
Եվ ի՞նչ է Ադրբեջանի արձագանքը: Այն ոչ միայն արհամարում է միջազգային հանրության սպասելիքները, այլև մշտապես նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք քաղաքակիրթ աշխարհի արժեքներին դեմ են: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն էր, մարդ, ով Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ քնի մեջ հայ սպա էր կացնահարել, պարզապես որովհետև նա հայ էր: Ադրբեջանի ղեկավարությունը նրան ազգային հպարտության խորհրդանիշ է դարձրել և օրինակ, որն հետևելու է երիտասարդությունը: Աշխարհի արձագանքը միաբերան էր և շատ պարզ’ դատապարտելով այն, ինչ կատարվեց Բաքվի կողմից: Ադրբեջանն իր զարմանքն է արտահայտում միջազգային հանրության կեցվածքի կապակցությամբ: Եվ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձևացնել, թե այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, այլև միջազգային օրենքների և համապատասխան եվրոպական կոնվենցիայի նորմերին ու սկզբունքներին: Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Տխուր է, որ մի երկրի սահմանադրություն ու օրենսդրություն կարող է թույլ տալ մարդասպանի հերոսացում և աշխատավարձի վճարում այն բոլոր տարիների համար, որ վայրագ մարդասպանն անց է կացրել բանտում:
Եվրախորհրդի մարդու իրավուքնների հանձնակատարը զգուշացրել է, որ ՙնման մարդու հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերկայության բոլոր ընդունված չափանիշներին՚: Եվրոպական խորհրդարանի նախագահն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ ի չարս է գործադրվել եվրոպական իրավական փաստաթուղթը : Մարդու իրավուքնների հարցերում ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը նշել է, որ ՙայս լրջության էթնիկական մղումներով ատելության հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, ոչ թե հասարակավ հերոսացվի՚:
Շատ պարզ է, որ միջազգային իրավական սկզբունքների ու օրենքների մասին տարբերվող պատկերացումներ կան, տարբերվող պատկերացումներ Ադրբեջանում և աշխարհի մյուս մասերում, թե ինչն է լավ, և ինչը’ վատ: Սա խորապես անպատասխանատու և ամոթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլև ՄԱԿ-ի անդամի համար:
Հստակ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության ջանքերը’ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Ներքին հարուստ կոռուպցիոն փորձ ունենալով’ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն’ օգտագործելով այն որպես գործիք’ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու համար: ՄԻջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը’ փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ՚:
Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգել տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:
Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են իր ղեկավարության ամենօրյա ռազմատենչությամբ, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները’ զինադադրի ռեժիմն ամրապնդելու, շփման գծում դեպքերի ուսումնասիրման համար հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ, այլև զինադադարի կանոնավոր խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանին սադրանքներ հրահրելով, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:
Մինչ Հայաստանը, միջազգային միջնորդների հետ մեկտեղ, ջանքեր է գործադրում բանակցային սեղանի շուրջ, Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն’ վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի, քան քսանապատիկ, և պարծենում է դրանով: Մինչ Հայաստանը և միջազգային հանրությունը կոչ են անում դիպուկահարներին հեռացնել շփման գծից, Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է այն և դիպուկահարների դպրոց բացում երիտասարդների համար: Մինչ Հայաստանը կոչ է անում տարածաշրջանային համագործակցության, որը կարող է կողմերի միջև վստահության ամրապնդման գործիք դառնալ. ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ նրանք կշարունակեն շրջափակումը մինչև Հայաստանում ոչ մի հայ չմնա:
Հայաստանը և միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի առումով: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը, որ ընդունվել են ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին 2010թ.-ին և նախարարական համաժողովներին Հելսինկիում’ 2008թ.-ին, Աթենքում’ 2009թ.-ին, Ալմաթիում’ 2010թ.-ին, Վիլնյուսում’ 2011թ.-ին, համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները Մեծ ութնյակի գագաթաժողովներին Լ°Աքիլայում’ 2009թ.-ին, Մուսկոկայում’ 2010թ.-ին, Դովիլում’ 2011թ.-ին և Մեծ քսանի երկրների գագաթաժողովին Լոս Կաբոսում’ 2012թ.-ին, դրա վկայություններն են: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այս փաստաթղթերին, համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը’ կարգավորման հասնելու դրա հիման վրա:
Չնայած երեք համանախագահ երկրների ակտիվ ջանքերին, անհնարին է եղել հակամարտության լուծման առումով բեկման հասնելու, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները:
Անկախ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքից, Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ’ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրա:
Պարոն նախագահ,
Ինչպես ելույթ ունեցողներից շատերը, ես նույնպես պետք է իմ մտահոգությունն արտահայտեմ Սիրիայում ընթացող զարգացումների և մարդասիրական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որն անմիջականորեն է ազդում այդ երկրում ապրող մեծաթիվ հայ համայնքի վրա: Այս համայնքը հիմնականում ձևավորվել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը վերապրածներից: Այսօր նրանք, ինչպես Սիրիայի շատ քաղաքացիներ, կյանքի համար պայքար են մղում: Հայաստանը շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել, ովքեր խիստ մտահոգված են երկրում սաստկացող բռնություններով: Անհնարին է տևական լուծման հասնել առանց բոլոր կողմերի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության, որը բոլոր սիրիացիների շահերը հաշվի կառնի:
Պարոն նախագահ,
ՄԱԿ-ը հաջորդ տարի կնշի Ցեղասպանության հանցագործության կանխման ու պատժի մասին կոնվենցիայի 65 ամյակը: Այդ տարեդարձը կարևոր հանգրվան է լինելու այն’ ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ գործիք դարձնելու համար: Ցեղասպանության ժխտումը և անպատժելիությունը նոր ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները տեսած ազգի զավակներ’ մենք համողված ենք, որ անկախ որևէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա դրանք կանխել: Այս միաձայնության պակասի ապտճառով է, որ մարդկությունը կանգնում է մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առջև: Խորապես համոզված ենք, որ մենք այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է ունենանք: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք մի այնպիսի աշխարհ հանդեպ, որում ցեղասպանության հանցագործությունն այլևս երբեք չի կրկնվի:
Պարոն նախագահ,
Հայաստանն ընդհանուր պատասխանատվության իր բաժինն է կրում’ օժանդակելուվ ՄԱԿ-ին’ որպես այսօրվա աշխարհի բազմաթիվ մարցահայտերին դիմագրավելուն ուղղված երկխոսության, բազմակողմանիության ու կոլեկտիվ գործողությունների հարթակի:
Շնորհակալություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում