Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահին
Նմանատիպ
Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները առաջընթաց և զարգացում են ապրում’ բարի արգասիքներ բերելով երկու ժողովուրդներին: Նորին Սրբությունը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների առավել խորը ընկալմանը’ գոհունակություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ու առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղվող ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին’ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իր ունեցած կարևոր ներդրման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Քույր Եկեղեցիների կապերին ու համագործակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գործում հոգևոր առաջնորդների դերակատարությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բունդեսթագի փոխնախագահը խոսեցին նաև ազգային ինքնության պահպանության գործում Եկեղեցու առաքելության մասին:
Հանդիպմանը ներկա էր Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում