Էդ. Շարմազանով. «Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները»
Նմանատիպ
ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի խորհրդարան,
Սեպտեմբերի երկրորդ կեսը հարուստ էր թե՛ ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե՛ քաղաքական շահարկումներով:
Մասնավորապես, նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները եւ խիստ հանձնարարականները քաղաքաշինության, արդարադատության, պետեկամուտների, առողջապահության եւ այլ ոլորտների կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ խիստ կարեւոր էին և եւս մեկ անգամ եկան ապացուցելու, որ մեր երկրում լայնամասշտաբ բարեփոխումների կուրսն այլընտրանք չունի:
Չնայած բազմաթիվ խնդիրներին’ Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում. գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում:
Ավելին’ աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Սա միան Հանրապետականի գնահատականը չէ: Տեղեկացնեմ, որ այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ կան ուժեր եւ գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը եւ անգամ քաղաքական շահարկումների դիմելով’ խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:
Եզրափակելով խոսքս’ նշեմ, որ ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական’ ուժեղ, ազգային եւ ժողովրդավարական: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում