«Ո՛չ թալանին» խումբը սադրողների «անվանակոչումից» խուսափեց. (ֆոտո, տեսանյութ)

«Ո՛չ թալանին» խումբը սադրողների «անվանակոչումից» խուսափեց. (ֆոտո, տեսանյութ)

«Եթե մի տարածքում հավաքվում է 20 հազարից ավելի մարդ, սադրիչներից խուսափել հնարավոր չէ». «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ պայքարի առաջին օրվանից էլ եղել են մարդիկ, ովքեր փորձել են  շարժումը  տանել այլ ուղղությամբ, անուններ սակայն  համառորեն  չհնչեցին: 

Times.amի հակադարձմանը, որ չպետք է վերացական հայտարարություններ անել, այլ խոսել կոնկրետ, օրինակ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տվել է հստակ  անուններ, արդյոք համաձա՞յն են, որ Նախախորհրդարանի անդամներն ու Արգիշտի Կիվիրյանն են սադրել կամ  նպաստել  շարժման պառակտմանը,  դարձյալ որևէ կոնկրետ կառույցի կամ անհատի անուն չտրվեց:

Այստեղ հիշեցվեց, որ Բաղրամյան պողոտան լքելուց առաջ Վաղինակ Շուշանյանը,  ով սկզբում բանախոսների  շարքում չէր, ուղղակի հետևում է, մոտեցավ և պարզաբանեց, թե ում է նկատի ունեցել.  «Երբ ես հայտարարությունն էի ընթերցում, դիմացի շարքում կային մարդիկ, ովքեր անընդհատ աղմկում էին, խանգարում էին և չէին թողնում, որ իմ խոսքը տեղ հասցնեմ մարդկանց»: 

Ի դեպ, դիտարկմանը, թե զգացմունքային հայտարարություններն են պատճառը, որ մեկուսացվել  կամ մեկուսացրել են լրագրողներից, Շուշանյանն ասաց, թե գերհոգնած վիճակ է մոտը, ընկերներն էլ հավելեցին,  թե դադար է պետք. ամբողջ ճնշումը նրա վրա էր: Այստեղ լրագրողներն արձագանքեցին, որ Մաքսիմ Սարգսյանը հավասարապես հարթակում է եղել, բայց նրան մեկուսացնելու  փորձ  չի արվում:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից Արտուշ Չիբուխչյանը նաև հարկ համարեց հայտարարել, որ իրենց շարժման, խմբի վրա  ոչ մի ուժ չի կարող ազդել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում