«Հրապարակ». Վարդան Օսկանյանի պահվածքը իրեն ընդդիմություն պատկերացնող քաղաքական ուժի ներկայացուցչի պահվածք չէր

«Ինչո՞ւ մեզանում ոչ մի կերպ չի ձեւավորվում քաղաքական մտածողություն: Երբ բանը հասնում է սեփական մաշկին, բոլորը դառնում են խիստ զգուշավոր ու կենցաղային՝ մոռանալով, որ քաղաքականությամբ զբաղվելը որոշակի կանոններ է ենթադրում եւ բոլորովին այլ պահվածք, գրում է «Հրապարակը»:

Ասենք՝ ինչո՞ւ է քաղաքականություն մտած, անգամ նախագահի պաշտոնին հայտ ներկայացնող անձն իրեն այնպես պահում, ինչպես կպահեր, օրինակ, մի շատ սովորական դասախոս, եթե նրան բռնեին կաշառք վերցնելիս, կամ մի հասարակ հաշվապահ, ով, ենթադրենք, օրենքը չիմանալու պատճառով ինչ-ինչ խախտումներ է արել ու «քաշվել»:

Ինչո՞ւ ՀՀ նախկին արտգործնախարարը, ով մասնագիտությամբ դիվանագետ է, երկար ժամանակ եղել է իշխանության մեջ ու շատ բան տեսել-ապրել, իրեն պահում է սեփական փոքրիկ բարեկեցությունը կորցնել վախեցող շարքային քաղաքացու նման: Մի՞թե այս մարդիկ չեն կարդացել, չեն ուսումնասիրել պատմության դասերը, չգիտեն, որ քաղաքական պայքարը դաժան փորձություններ է ենթադրում, առանձնահատուկ տոկունություն, հալածանքների ու զրկանքների նկատմամբ այլ՝ ոչ կենցաղային մոտեցում:

Այո, Վարդան Օսկանյանի պահվածքն Ազգային ժողովում մարդկայնորեն կարեկցանքի էր արժանի, եւ ականատեսները չէին կարող չցավել նրա համար: Բայց դա քաղաքական գործչի, իրեն ընդդիմություն պատկերացնող քաղաքական ուժի ներկայացուցչի պահվածք չէր: Այդ հուզումնալից խոսքն ու պատգամավորների խղճահարությանն ապավինող տոնը մի բանի մասին էր վկայում՝ մարդը վախենում է եւ, կարելի է ասել՝ գրեթե փոշմանել է քաղաքականություն մտնելու համար:

Մինչդեռ իրական քաղաքական գործիչը թերեւս «ուրախանար» այս պատեհ առիթից, որը նրա քաղաքական կարիերայում կարող էր վճռորոշ նշանակություն ունենալ եւ նոր կենսագրության սկիզբ դառնալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում