«Առավոտ». Շատ երկրների խնդիրը ընտրողներ ունենալն է. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. «Նախկին խորհրդային և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական և «նրան կից» գործարար շրջանակները վստահ են’ եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետևանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է’ դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների’ «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաև իշխանափոխություններից հետո «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց «գործը բուրդ է լինելու»: Հետաքրքիր է նաև, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության «պաշտոնական» հիմնավորումը հետևյան է’ «բա մենք կարո՞ղ ենթ թույլ տալ, որ սրանք գան իշխանության’ նրանք երկիրն ավերակ կդարձնեն»: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից’ «թագավորի»’ ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից: Արևմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ: Ասիայում, Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում իշխանավորների և մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին’ գործիչներ, որոնց ընդունված է «արևմտամետ» անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց’ խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, և իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսևորել որոշակի պետական խոհեմություն’ այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարևորը’ իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից’ անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:
Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաև շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման’ առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը’ «թագավոր-ստրուկ» հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն, դեպի արևմտյան, եվրոպական արժեքներ»: