WikiLeaks-ը բացահայտել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Անգելա Մերկելի աշխատակիցների գաղտնալսումները
Նմանատիպ
Ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հատուկ ստորաբաժանումը զբաղվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած գերատեսչության աշխատակիցների լրտեսմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lenta.ru-ն, այդ մասին հայտնում է գերմանական Sueddeutsche Zeitung-ը՝ WikiLeaks սկանդալային կայքին հղումով։
Հավաքագրման հատուկ ծառայությունը (ՀՀԾ), որի հապավումն առկա է WikiLeaks-ի փաստաթղթերում դեռ 2011 թվականից, գաղտնալսել է գերմանացի պաշտոնյաների հեռախոսազանգերը։ Մասնավորապես, գաղտնալսել են եվրոպական քաղաքականության գծով կանցլեր Նիկոլաուս Մայեր-Լանդրուտի խոսակցությունները Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդականի հետ։ Համաձայն տվյալների՝ ՀՀԾ-ն ունեցել է 80 ակտիվ մասնաճյուղ, որոնցից 19-ը գործել է Եվրոպայում։ ՀՀԾ-ի աշխատանքային թիմը, սովորաբար, իր գործունեությունը ծավալել է Միացյալ Նահանգների դեսպանատներում և հյուպատոսություններում, այդ թվում՝ Բեռլինում: Ծառայությունը կարողանում էր ոչ միայն գաղտնալսել զանգերը, այլև հետևել, թե որտեղ են գտնվում խոսողները: WikiLeaks կայքում հայտնվել են նաև փաստաթղթեր ֆրանսիացի պետական պաշտոնյաների գաղտնալսման մասին: Դրանց թվում են Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլլանդը:
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիրն է Ջուլիան Ասանժը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում