«Առավոտ». Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասել, «Ազատ դեմոկրատները» այլ բան են հասկացել
Նմանատիպ
«Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ասածներին, թե չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգությունից» անկախ գործունեություն վարի, Aravot.am-ին ասել է.
«Ի սկզբանե չէի տեսնում, որ այս երկու կուսակցությունների համագործակցությունը կբերի դրական արդյունք: Հաշվի առնելով այն տարբերությունները՝ եւ մարդկային ռեսուրսների եւ անցած ճանապարհի մասով, այսքան արագ միավորումը իր հիմքում չունի այնպիսի հարաբերություններ ու իրար հանդեպ վստահություն, որ բերի այնպիսի դրական արդյունքների»:
Տիկին Ալավերդյանի համար իրարից անկախ գործունեությունը ավելի սպասելի էր. «Քան թե տեսնեի նոր ու ուժեղ թիմ, որը պատվով կրում է ընդդիմադիր խմբի պարտականություններն ու պատիվը»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը , թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից եւ այս կապակցությամբ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հերքմանը, տիկին Ալավերդյանն ասաց, թե պարոն Հովհաննիսյանը մի բան է ասել, «Ազատ դեմոկրատները» այլ բան են հասկացել. «Բացարձակապես չեմ կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել է իր ասածը եւ իր ստացած պատասխանն այդպես, իսկ «Ազատ դեմոկրատները» հասկացել են ուրիշ ձեւ»,- մեջբերում է «Առավոտը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում