«Ժողովուրդ». Կոմպրոմատների պատերազմի մեկնարկը տրված է
Նմանատիպ
«Ժողովուրդն» իր այսօրվա առաջնորդողում գրել է. «Քանի դեռ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարել այն, ինչ ցանկանում է լսել Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ի շուրջ օղակը գնալով կսեղմվի: Կացնային մեթոդներով քաղաքական դաշտին հնազանդեցնելու քաղաքականություն բանեցնող Ս. Սարգսյանի ռեժիմն արդեն անցել է կոմպրոմատների պատերազմի’ երևան հանելով տարաբնույթ փաստաթղթեր: Երեկ «Առաջին լրատվական»-ը հրապարակեց մի լուր, որ իրենք փաստաթուղթ ունեն, ըստ որի’Գ. Ծառուկյանը 80-ականներին ազատազրկվել է բռնաբարության համար և իր պատիժը կրել Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքի միլիցիոներների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ու քանի որ աշխատել է պարեկապահակային ծառայությունում, պատիժը կրել է հատուկ իրավապահների համար նախատեսված կալանավայրում և լավ վարքի համար վաղաժամկետ ազատ արձակվել: Իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք արդարացվել է ՀՀ Գերագույն դատարանի կողմից: Օրվա կեսին Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն տարածեց. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին և նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին: Վստահեցնում եմ, որ այս շրջանում բումերանգը դառնալու է բավականին լուրջ կատեգորիա, այդ թվում նաև քաղաքական: Ավելի քան ակնառու է, որ ԲՀԿ-ի և Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե’ նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ»: Իհարկե, ցանկացած գործիչ, այդ թվում և Ծառուկյանը, իր մասին բացասական հրապակումների հետևում անպայման պատվիրատու է փնտրում, ինչն ուղղակի անտրամաբանական է: Բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ քաղաքական այս շրջափուլում այդպիսի կարևոր փաստաթղթեր պատահաբար չեն դրվում շրջանառության մեջ: Այնպես որ, կոմպրոմատների պատերազմի մեկնարկը տրված է: Սպասենք նորանոր բացահայտումների»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում