Վարչապետ Սարգսյան. Նախարարները պետք է անձամբ վերահսկեն հարկային պարտավորությունների կատարումը
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Բացելով նիստը՝ վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի քանի հանձնարարականից։
Առաջինը վերաբերում է մեր գերատեսչությունների ներքո գործող կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներ։ Տեղյակ եք, որ Հանրապետության Նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, և նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու։ Դա ենթադրում է, որ բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրավիճակին’ ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը կոնկրետ իր ոլորտում, և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները։ Կառավարության նիստին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունը հարկային պարտավորության կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։
Երկրորդը’ մենք պետք է բացառենք հարկային մարմինների նկատմամբ ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը, ցավոք, դեռևս առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Ես իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը։ Մենք պետք է բացառենք ցանկացած միջնորդություն և բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ հարկերի հավաքումը պատասխանատու գործառույթ է և ոչ միայն ՊԵԿ-ի, այլև կառավարության բոլոր անդամների պատասխանատվության խնդիրն է։
Հաջորդ նիստին մենք կսկսենք հաշվետվությունների լսումը։ Առաջինը կրթության և գիտության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակի մասին, երկրորդը’ տրանսպորտի և կապի նախարարը, երրորդը’ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։ Այսօրվանից տեղեկանքներ և մանրակրկիտ ուսումնասիրություններ պատրաստեք տնտեսական, հարկային ներուժի և այն մասին, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»։
Այնուհետև կառավարությունն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում