Բիբինի լռությունը վկայում է ստվերային պայմանավորվածության մասին, իսկ Հայաստանը շատերից ավելի պետություն է. Լ. Ալավերդյան (տեսանյութ)

Բիբինի լռությունը վկայում է ստվերային պայմանավորվածության մասին, իսկ Հայաստանը շատերից ավելի պետություն է. Լ. Ալավերդյան (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելը  տեխնիկական  խնդիր  է. դա կարող է անել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ՀՀ նախագահը, ՀԾԿՀ-ն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, Մարդու իրավունքների առաջին  պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Իսկ ՀԷՑ-ում միջազգային աուդիտի անցկացմանը, թե հանցավոր խախտումներ կբացահայտվեն,   Ալավերդյանը  թերահավատորեն  է տրամադրված. «Առաջին՝ աուդիտ եղել է, երկրորդ՝ գրավոր որոշում չունենք, որ միջազգային աուդիտ է լինելու, ինչ է դա պատվերով համե՞րգ է, մենք լսել ենք ընդամենը նախագահի ճառն այդ մասին: Իրավական հիմքեր չեմ տեսնում»:

ՀԷՑ-ի ղեկավար Բիբինի լռակյաց պահվածքը Մարդու իրավունքների առաջին պաշտպանին ստիպում են մտածել, որ նա ինչ-որ բան է ուզում ասել, բայց չի ասում. «Պատահական չէ, որ խուսափում է ձեր պայծառ հայացքներից»:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկզբնական և ներկա պայքարին,  Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ այնքանով քաղաքական  չէ, որ քաղաքական իշխանության հասնելուն ուղղված կոչեր և պահանջներ չեն դրվում,  իսկ,  առհասարակ, արմատներում քաղաքական  հարց կա: Ըստ նրա՝  այնքան էլ ճիշտ չէ քաղաքական ուժերի մասնակցության մերժումը՝ անկախ նրանց ձախողումներից,  քանի որ ոչ մի պայքար չի կարող  հաջողության հասնել, եթե  մեկ  ուղղությունից է:

Գլոբալ  առումով, սակայն,  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական շարժումը ցույց տվեց  հայի իրական դեմքը. մենք խառնված չենք «վայրի արջի ցեղերին», մերը  պայթեցնելն ու ջարդուփշուր անելը  չէ, այլ  մաքրելն ու կարգ և կանոն հաստատելը, ինչպես արվում  էր  Բաղրամյան պողոտայում:

Ալավերդյանը  հարկ համարեց հերթական անգամ հիշեցնել՝ իշխանությունն ու պետությունը տարբեր բաներ են. Հայաստանը պետություն է, նույնիսկ ավելի պետություն, քան շատերը, խնդիրը կառավարման համակարգի և  կառավարողների մեջ է:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում