«Առավոտ». Բացառել կաշառակերի և քաղաքացու շփումը. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. «Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով’ պետք է ոչ թե գուշակություններ անել’ «հավատում եմ-չեմ հավատում», այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլև մեզ’ շարքային քաղաքացիներիս: Երբ մեզնից կաշառք են շորթում, մենք չենք բողոքում երեք պատճառով’ 1. չենք հավատում, որ իրավապահներն այդ դեպքով լրջորեն կզբաղվեն, 2. վախենում ենք, որ կաշառակեր չինովնիկը մեզանից վրեժ կլուծի, 3. հոգու խորքում արդարացնում ենք նրան’ դե, մարդը ընտանիք է պահում: Եթե այդ հոգեբանական կաղապարը չկոտրվի, մեզ չի փրկի ոչ մի նախագահ և ոչ մի վարչապետ:
Բացի կաշառակերներին բռնելուց’ պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք խիստ կսահմանափակեն, իսկ ավելի լավ է’ ընդհանրապես բացառեն պետական պաշտոնյայի և քաղաքացու շփումը: Ինչո՞ւմն է այդտեղ խնդիրը: Կաշառակերը երբեք հենց սկզբից կաշառբ չի պահանջում’ նրա մարտավարությունն այլ է. նա սկսում է ամեն ինչ «բարդացնել», ուղարկում է ձեզ տարբեր թղթերի ետևից, հետո ամեն մի այդ թղթի մեջ թերություններ է գտնում և դարձյալ շաբաթներով և ամիսներով չի մատուցում ձեզ այն ծառայությունը, որը պարտավոր է մատուցել: Եվ ահա, երբ վերջնականապես զզվում եք այդ վազվզոցից, նա զգում է, որ դուք արդեն հասել եք «անհրաժեշտ կոնդիցիայի» և ակնարկում է, որ կարող է լուծել ձեր հարցը, ինչպես նաև հույս հայտնում, որ դուք նրա լավության տակից դուրս կգաք: Օրենքների անհստակությունը և թղթերի քանակությունը լայն հնարավորություններ են տալիս կաշառակերին նվաստացնելու, «տանել-բերելու» քաղաքացուն’ մինչև որ նա «մուծվի»: Պետք է, հետևաբար, այդ բոլոր թղթերը վերացնել: Համակարգիչների և ինտերնետի դարում դա զուտ տեխնիկական խնդիր է: Հունվարի 1-ից բացառապես թվային ձևով ուղարկվող հարկային հաշվետվություն պահանջելը քայլ է ճիշտ ուղղությամբ’ այդպիսով ընկերության տնօրենը [կամ հաշվապահը] ընդհանրապես չի հանդիպում հարկային տեսուչին: Պետք է այդ պրակտիկան տարածել բոլոր պետական հիմնարկների վրա’ ներմուծելով էլեկտրոնային ստորագրությունը: Ես, օրինակ, ունեմ նույնականացման քարտ’ այդ էլեկտրոնային ստորագրությամբ: Բայց այդ քարտն առայժմ ոչ մի տեղ «չի անցնում»: Մինչդեռ նույն պետական հիմնարկները, ինչպես նաև բանկերը պետք է իրար հետ կապված լինեն մեկ ցանցով, որի միջոցով իմ այդ քարտը նրանց երկու րոպեում «կպատմի» այն մասին, թե որտեղ եմ ես ապրում և աշխատում, ինչ աշխատավարձ եմ ստանում, ինչպես եմ մուծում իմ հարկերը, որտեղ եմ վարկ վերցրել և այլն: Այլևս պետք չի լինի անձնագրի ու սոցքարտի պատճենը, տեղեկանք աշխատավայրից և մնացած բազմաթիվ թղթերը: Իսկ ես իմ բոլոր գործարքները կանեմ տնից:
Ի դեպ, երբ այդ համակարգը սկսի գործել, վստահ եմ, որ կլինեն բազմաթիվ դժգոհներ, որոնց մի մասը թերևս կդրսևորի «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» կեցվածք: Բայց դա մեզ’ սովորական քաղաքացիներիս համար չորրորդական խնդիր է»: