ՀՀԿ-ն հայտարարել է, թե ում է սատարելու դեկտեմբերի 2-ի ընտրությունների ժամանակ
Նմանատիպ
Երեկ, հոկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր նիստ է գումարել: Ի թիվս այլ հարցերի՝ կուսակցության անդամները քննարկել են նաեւ, թե ում են սատարելու դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ: Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թիվ 1 ընտրատեղամասում պատգամավորի ընտրություններում կառաջադրվի Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի, իսկ թիվ 35-ում’«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի թեկնածությունը:
«Կարծում եմ, որ դեկտեմբերի 2-ին Հանրապետական խմբակցությունը կհամալրվի 2 պատգամավորներով: ՀՀԿ-ն երկու ընտրատարածքներում էլ ունի շատ լուրջ հնարավորություններ»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարել է Հայաստանի Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Թիվ մեկ ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգությունից հետո հրաժարական տվեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի, իսկ 35-ում տեղը թափուր մնաց, քանի որ ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում