«Դիրք պահած տղեն առաջին կարգի տղա է համարվում».Մովսես Հակոբյանը՝ Կենտրոնական հավաքակայանում (ֆոտո, տեսանյութ)

«Դիրք պահած տղեն առաջին կարգի տղա է համարվում».Մովսես Հակոբյանը՝ Կենտրոնական հավաքակայանում (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ ԶՈւ  գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն այսօր այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` հետևելու օրեր առաջ մեկնարկած ամառային զորակոչի գործընթացին և տեղում ծանոթանալու դրա  շրջանակում իրականացվող  աշխատանքներին: Մովսես Հակոբյանը  հավաքակայանում ներկա նորակոչիկներից, որոնց տրամադրությունը բավականին բարձր էր,  փորձեց  ճշտել, թե որտեղ  կցանկանային ծառայել, ինչին ի պատասխան գրեթե բոլորը նշեցին, թե մեծ իմաստով նշանակություն չունի, հատկապես՝ Գորիսից եկածները,  Չարենցավանից մի տղա սակայն անկեղծացավ, թե կցանկանար «մոտիկ տեղ ծառայել»:

-Հակառակորդի՞ն մոտիկ, թե՞ Երևանին,-արձագանքեց Մովսես Հակոբյանը:

Գորիսեցի տղաներից մեկը՝ Ռազմիկ Գրիգորյանը, լրացրեց, թե երկու տարի «Մարտեր առանց կանոնների»-ի գնացել, որ սահման պահի և պետք եկած դեպքում թուրքի հարցերը լուծի:

«Գնում ենք գալու նպատակով»,- միջամտեց Ռազմիկի ընկերներից մեկը:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, որ նորակոչիկները վիճակահանության միջոցով են ընտրում ծառայության վայրը, ինչին մասնակցում են նաև ծնողները:

Ի դեպ, Մովսես Հակոբյանը բացի ծառայության պատրաստվող տղաների այսպես ասած՝  բանակային նախասիրությունները պարզելուց,  նաև որոշ խորհուրդներ տվեց նրանց՝ կապված կանոնադրական հարաբերությունների հետ:

«Այսօր մեր երկրի ամենակարևոր քաղաքացիները զինվորներն են, քանի որ այս պահին ամենակարևորագույն խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Զինված ուժերում կարևոր պաշտոնները դուք եք զբաղեցնում»,- շարունակեց նա՝ շեշտելով,  որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի՝ եթե ինքը չծառայի, ապա դժվար է լինելու խնդիրները լուծել:

Արդեն լրագրողների հետ զրույցում  գեներալը վստահեցրեց.

«Ես չեմ հանդիպել այնպիսի զինվորի, որ հայկական բանակում ծառայելուց հետո ափսոսանք է ապրել»: 

Ակնարկին, թե պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Մովսես Հակոբյանը նկատեց, որ ծառայած տղաների հետ միևնույն վայրում հայտնվելով,  չծառայածները շատ արագ լքում են այն: Ավելին, նա հիշեցրեց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար եղած ժամանակ զինգրքույկում ինքը հանձնարարել էր գրել, թե  զինվորը քանի օր է դիրք պահել՝ մե՞կ, թե երկու տարվա ծառայության մեծ մասը.«Դիրք պահած տղեն առաջին կարգի տղա է համարվում այսօր, ես ձեզ վստահեցնում եմ»:

Անդրադառնալով  բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով միջադեպերին, Մովսես Հակոբյանը նշեց, որ  քրեածին իրավիճակը վերահսկելի է և մտահոգվելու առիթ չկա՝ արձանագրելով, որ բանակում քրեածին տարրերով հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է, բայց այն իսպառ վերացնել հնարավոր չէ: ԳՇ պետի տեղակալը շարունակեց՝ ցանկացած ինքնասպանության կամ դրա փորձի պատճառ, որը կապ ունի զինվորական ծառայության հետ, փորձում են պարզել և բացահայտել: Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ լուրջ ունեցող երիտասարդներին զորակոչելու խոսակցություններին,  Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ նման բան չկա. այս տարվա ամառային զորակոչի ընթացքում 4 զորակոչիկ հենց հավաքակայանից ուղարկվել է տուն՝ լրացուցիչ հետազոտություն անցնելու համար:

«Մենք բուժզննումն իրականացնում ենք սկսած 14 տարեկանից: Զորակոչի նախաշեմին նույնպես երիտասարդները բուժզննում են անցնում և ըստ այդմ որոշվում  է` պիտանի՞ են ծառայության, թե՞ ոչ, կարո՞ղ են ծառայել առաջին գծում, թե՞ սահմանափակումներ կան»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում