«Այս կարևոր փաստաթղթի ստորագրումը համագործակցության բարի ավանդույթ է դառնում Պաշտպանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների միջև»
Նմանատիպ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրեցին փոխհամագործակցության հուշագիր, որի արդյունքում առավել ամրապնդվելու է երկու ինստիտուտների միջև համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։
«ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանում առաջին իսկ օրվանից համագործակցել է Մարդու իրավունքների Պաշտպանի հետ։ Այդ ինստիտուտի անփոխարինելի փորձը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում բազմիցս գնահատվել է գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ապագայում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեծապես շահելու է այս հուշագրի ստորագրումից՝ հնարավորություն ունենալով մշտապես ստանալ մասնագիտական խորհուրդ ՄԱԿ-ի ծրագրերը իրականացնելիս։ Այս կարևոր փաստաթղթի ստորագրումը համագործակցության բարի ավանդույթ է դառնում Պաշտպանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների միջև», – իր խոսքում նշեց Դաֆինա Գերչևան։
«Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ Պաշտպանի ինստիտուտի փորձն ու ներուժը ավելի գնահատված են միջազգային կառույցների կողմից, քան մեր երկրի ներսում գործող կառույցների կողմից։ Այս հուշագիրը ես մեկ ապացույց է։ Մենք գնահատում ենք այդ վստահությունը։ Մեր տարեկան զեկույցները սեղանի գիրք են դառնում դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում դրանք», -իր խոսքում նշեց Պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հուշագրի շրջանակներում Պաշտպանի գրասենյակը անհրաժեշտության դեպքում Հայաստանում ՄԱԿ–ի գործակալություններին կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն և փորձաքննություն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, ինչպես նաև կօժանդակի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ՄԱԿ-ի ծրագրերում ներգրավել նաև մարդու իրավունքների հիմնախնդիրները։
Պաշտպանի գրասենյակը ձեռնամուխ կլինի, որպեսզի մարդու իրավունքների սկզբունքները և միջազգային չափորոշիչները հետագայում ներգրավվեն ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրերում, ինչպես նաև կաջակցի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին մշակել մարդու իրավունքների ընդհանուր ռազմավարություն։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր հերթին տեղեկատվություն կտրամադրի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին’ համատեղ առաջնահերթ խնդիրներն ու համագործակցության ոլորտները հտսակեցնելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում