«Հայկական ժամանակ». «Արմավիայի» հիմնական գնորդը ռուսներն են
Նմանատիպ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը շարունակում է գաղտնի պահել, թե ում է պատրաստվում վաճառել նշված ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերը:
Լրագրողների հետ շփումներում նա նորից ու նորից կրկնում է մեկ շաբաթ առաջ «Հրապարակին» տված պատասխանն, ըստ որի’ ավիաընկերության գնորդի անունը կհրապարակվի միայն այն ժամանակ, երբ գործարքը կնքված կլինի, իսկ մինչ այդ’ բանակցողների վերաբերյալ տվյալները, Բաղդասարովի խոսքով, կոմերցիոն գաղտնիք են:
«Արմավիայի» թերթի աղբյուրները նշում են, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս այս տարվա մայիսին է որոշել իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառել: Սակայն, նրա այդ մտադրության մասին պաշտոնապես չի հայտարարվել: Իսկ «Հրապարակում» այդ մասին հրապարակումները Բաղդասարովը և նրա աշխատակազմը կտրականապես հերքում էին’ ասելով, թե իրենք մտադիր չեն «Արմավիան» վաճառել: Բաղդասարովը շարունակում է կրկնել, որ ինքը 3-4 պոտենցիալ գնորդի հետ է բանակցում, որոնց թվում ռուսներ են, իտալացիներ, նույնիսկ ավստրիալացիներ, իսկ մի քանի օր առաջ էլ հնդիկների և ինդոնեզացիների մասին էին լուրեր շրջում: Սակայն, ավիացիայի թերթի աղբյուրները փաստում են, որ իրականում «Արմավիայի» հիմնական գնորդը եղել և մնում են ռուսները: Ավելին, ռուսների դեպքում էական չէ, թե գնորդի անունն ինչ կլինի, խնդիրն ավելի շատ քաղաքական է’ ռուսական կողմն այս տարվա սկզբից մտադրվել է Հայաստանի ավիացիան ևս իր վերահսկողության տակ առնել և այժմ զբաղված է այդ խնդրի լուծմամբ: