23-ամյա հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը տոնեց իր ութերորդ հաղթանակը
Նմանատիպ
Սեպտեմբերի 29-ին գերմանական Զաուերլանդ ակումբի սան Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյան) առաջին ծանր քաշային կարգում ռինգ բարձրացավ բրիտանացի Մարտին Գրեյնջերի դեմ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր ութերորդ մենամարտում հայազգի բռնցքամարտիկին սպասում էր լուրջ պատրաստված հակառակորդ: Այս մասին Times.am-ին տեղեկացրեց Դ. Գրաֆի գործակալ Ժիրայր Գրաֆը:
Չնայած մենամարտի առաջին ռաունդում Դավիթ Գրաֆին հաջողվեց հուժկու հարվածով իր հակառակորդին տապալել գետնին, սակայն վերջինս ոտքի բարձրանալով՝ ոչ միայն նոկաուտից հետո լիովին վերագտավ իրեն, այլև մերթ ընդ մերթ անցավ հակահարձակման: Դավիթի ակնհայտ առավելությամբ մենամարտը տևեց վեց ռաունդ, որից հետո մրցավարները նրան միանշանակ շնորհեցին այս մենամարտի հաղթանակը: Մարտից հետո լրագրողի հարցին հայազգի բռնցքամարտիկը հետևյալն է պատասխանում. «Դե՛, ամեն ինչ լավ էր: Գրեյնջերը ուներ հարվածներն իր վրա վերցնելու յուրահատուկ հատկանիշներ, իսկ ես էլ այդպիսով կարողացա ավելի երկար բռնցքամարտել, քան սովորաբար»:
Մինչև այժմ հայազգի բռնցքամարտիկի մենամարտերն անցել են անթերի: Դավիթի ութ հաղթանակներից վեցն ավարտվել են տեխնիկական նոկաուտով՝ ի օգուտ իրեն:
Յուրաքանչյուր մենամարտ Դավիթի համար ոչ միայն հաղթանակ էր, այլ նաև փորձ ձեռք բերելու հնարավորություն, այսպիսով՝ ութ հաղթանակ և ութ փորձություն:
Մենամարտի տեսագրությունը հասանելի է այստեղ:
Լուսանկարը՝ www.boxfotograf.de կայքի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում