Միջնորդները մրցում են, թե ով ԼՂ խաղաղապահ ուժ կմտցնի, իսկ հայկական կողմը զիջումների իր նախապայմանն ունի. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

Միջնորդները  մրցում են, թե  ով ԼՂ խաղաղապահ ուժ  կմտցնի, իսկ  հայկական կողմը զիջումների իր նախապայմանն ունի. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ազատագրված տարածքների  վերադարձման հայտարարությունն ի պատասխան լրագրողի հարցի է, որտեղ նա, իհարկե, ասում է, որ պետք է վերադարձնել, բայց նաև առաջարկում խնդրի կարգավորմանը համալիր  մոտեցում ցուցաբերել, ոչ թե մեկ  տեսանկյունից: Այսինքն՝ հակամարտությունը պիտի կարգավորվի միջազգային բոլոր սկզբունքները հաշվի առնելով՝ տարածքային ամբողջականություն, ազգերի  ինքնորոշման իրավունք:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Նա որևէ արտառոց բան չի ասել. դա իր կարծիքը չէ, այլ մադրիդյան փաստաթղթից, որտեղ հստակ նշված է՝ տարածքները պետք է վերադարձվեն,  երկրորդ՝ այդտեղ մտնեն խաղաղապահ ուժեր, երրորդ՝ անցկացվի հանրաքվե: Այսինքն՝ Ուորլիքը կրկնել է սա, թե տարածքները պիտի վերադարձվեն, բայց պետք է քննարկվի նաև ԼՂ-ի կարգավիճակի հարցը»,-շարունակեց նա:

Ինչ վերաբերում է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը,  որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացը պետք է ակտիվացնել, Վաղարշակ Հարությունյանը սա  միանգամայն  բնական համարեց, քանի որ ՌԴ-ը միջնորդ երկիր է, այլ  հարց է, թե խնդրի խաղաղ  լուծումն  ինչպես են պատկերացնում  համանախագահող երկրներից յուրաքանչյուրը. «Համանագահողների շահերը չեն համընկնում և հիմնական հարցն այն է, թե ով  կմտցնի խաղաղապահ ուժեր Ղարաբաղ: Օրինակ՝ ՌԴ-ն ուզում է, որ իր ուժերը մտնեն, ինչպես 1994-ին էր ցանկանում, որին Ադրբեջանը դեմ էր»:

Վաղարշակ Հարությունյանն այստեղ հիշեցրեց, որ ՌԴ ռազմական դոկտրինում հստակ գրված է, որ իր սահմանին հակամարտությունը սպառնալիք է երկրի համար, ուստի Ռուսաստանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ և շուտափույթ լուծմանը: Իսկ  հայկական կողմի տեսակետը հետևյալն է՝ Անկախ Արցախ և ցամաքային կապ ՀՀ-ի հետ:

Մոտեցումները մոտեցում, բայց ըստ պաշտպանության նախկին նախարարի, այսօր ԼՂ հիմնահարցի լուծման ոչ մի նախադրյալ  չկա:

«Հայաստանը և ԼՂՀ-ն միշտ եղել են կոմպրոմիսի կողմնակից: Միշտ հայտարարել ենք, որ վեց շրջան պատրաստ ենք վերադարձնել, ինչի նախադեպը չկա պատմության մեջ, որ հաղթող կողմը գնա նման զիջումների: Իսկ սրա դիմաց ուզում ենք, որ ԼՂ-ն ունենա կարգավիճակ և ցամաքային կապ ՀՀ-ի հետ: Պետք է ունենանք անվտանգության երաշխիք, եթե  մենք գնանք մի լուծման, որը չի տալիս երաշխիք, ապա  կկորցնենք Ղարաբաղը՝ Նախիջևանի օրինակով: Ինչ պատասխան է Ադրբեջանը տալիս մեր զիջումներին՝  նրանք ասում են, որ ոչ մի խոսք տարածքների մասին չի կարող լինել, որ դա իրենցն է, իսկ կարգավիճակի մասով, թե պատրաստ են Ադրբեջանի կազմում ԼՂ-ին տալ բարձր կարգավիճակ: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, ապա ինչպես կարող ենք ասել, թե  հակամարտության կարգավորման նախադրյալներ կան:

Հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների արդյունքում, երբ կողմերը գան համաձայնության, երկրորդ՝ պատերազմի միջոցով, երբ մի կողմը հաղթում է և ստանում  ինչ ուզում է, երրորդ՝ եթե գերտերությունները կողմերին ստիպեն գնալ զիջումների կամ համաձայնության, ինչպես Կոսովոյի դեպքում: Բայց այս երեք տարբերակից ոչ մեկը  մեզ մոտ չի աշխատի, որովհետև Ադրբեջանը բանակցություններում  չի գնում զիջումների,  ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատերազմ չեն ուզում, իսկ Ադրբեջանն էլ չի սկսի, որովհետև  վստահ չի, որ կհաղթի, գերտերություններն էլ չեն ստիպի, որովհետև  դա կհանգեցնի ՌԴ-ՀԱՊԿ-ՆԱՏՕ անմիջական հակամարտության, ինչից  միջուկային զենքի առկայությունը միշտ խուսափել է տալիս նրանց, որի ականատեսը եղանք Ուկրաինայի դեպքում »,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը:

Times.am-ի  հակադարձեց՝ Արցախի և ՀՀ-ի անվտանգության ապահովման առումով ազատագրված տարածքների դերը մեծ է, ուստի դրանց վերադարձից հետո ինչ խոսք կարող է գնալ Արցախի անվտանգության մասին: Ի վերջո, մենք Ադրբեջանի ենթակայության տակ դեռ տարածքներ ունենք, որոնց ճակատագրի հարցը նույնիսկ  բանակցային սեղանին դրված չէ:

«Մադրիդյան սկզբունքներում ասվում է հետևյալը՝ ազատվում են տարածքները, խաղաղապահ ուժեր են մտնում,  նոր անցկացվում է հանրաքվե, ինչին հայկական կողմն ասաց՝ ոչ: Այսինքն՝ հայկական կողմն ասում է նախ պետք է լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը,  որից հետո խոսքը գնում է տարածքների մասին, ինչպես նաև միջազգային հանրությունը պետք է տա անվտանգության երաշխիքներ: Ես միշտ ասել եմ, որ չի կարելի տարածքներ տալ, որովհետև այդ դեպքում շփման գիծն ավելանում է երկու անգամ, ինչը պահանջում է զորքի և ռեսուրսների ավելացում, երկրորդ՝ շրջկենտրոնները մոտիկանում են շփման գծին և ադրբեջանական հրետանին շատ հանգիստ կարող է հասնել այդ կետերին, երրորդ՝ կորցնում ենք ռոկադային ճանապարհներ, որոնք թույլ են տալիս զորքն արագ տեղաշարժել գլխավոր ուղղությամբ: Այնպես որ հայկական կողմը չի գնա սրան, եթե չլուծվի կարգավիճակի և միջազգային երաշխիքների հարցը»,-եղավ Վաղարշակ Հարությունյանի պատասխանը:

Մեր լրացմանը՝ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժերի ներկայությունը չի կարող պատերազմ չսկսելու երաշխիք լինել, եթե չասենք, որ նպաստում են պատերազմական գործողություններին,  պաշտպանության նախկին նախարարը նկատեց. «Համաձայն եմ ձեզ հետ, բայց մեր հույսը խաղաղապահ ուժերը չեն, 25 տարի հրադադարը խախտումներով  պահպանվում է մեր բանակի հաշվին»:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում